Երեք անձ ձերբակալվել է 36-ամյա տղամարդու սպանության կասկածանքով. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Կոտայքի մարզի 36-ամյա բնակչի սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից:

Դեպքի վերաբերյալ ահազանգը ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում ստացվել է 2021թ. նոյեմբերի 8-ին՝ ժամը 00:40-ի սահմաններում, որով քաղաքացին տեղեկացրել է իրենց տան վրա դանակով հարձակման մասին:

Քննչական-օպերատիվ խմբի կողմից կատարված դեպքի վայրի զննությամբ նշված առանձնատան խոհանոցում հայտնաբերվել է Կոտայքի մարզի 36-ամյա բնակչի դիակը՝ գլխի և մարմնի տարբեր հատվածների բազմաթիվ ծակած-կտրած վնասվածքներով: Դեպքի վայրից հայտնաբերվել և վերցվել է 6 հատ դանակ՝ արնանման հետքերով:

Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, նրանցից մեկը տուժողի ընկերուհին է, մյուս երկուսը՝ վերջինիս մայրն ու եղբայրը:

Նշված երեք անձինք ձերբակալվել են՝ հիշյալ 36-ամյա տղամարդուն խմբի կողմից դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ոստիկանության բացահայտումը. նոր մանրամասներ

Նոյեմբերի լույս 8-ի գիշերը օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում է ստացվել, որ անհայտ անձը դանակով հարձակվել է Հաղթանակ թաղամասի Նորիկի փողոցի տներից մեկի վրա։ Ահազանգին արագ արձագանքած օպերատիվ խումբն ու տարածքում գիշերային ծառայություն իրականացնող պարեկները մեկնեցին Հաղթանակ թաղամաս։

Ահազանգողի նշած փողոցի թիվ 20 տանը իրավապահները հայտնաբերեցին 36-ամյա Արսեն Սիմոնյանի դին։ Մարմնի տարբեր մասերում կտրած-ծակած վնասվածքներ կային։ Տղամարդը Կոտայքի մարզի բնակիչ էր։ Մալաթիայի ոստիկանները տեղում իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզեցին հետևյալը։ Նախնական տվյալներով՝ տանը հացկերույթ էր եղել, որին մասնակցել էր նաև տան բնակիչներից 27-ամյա աղջկա ընկերը՝ Արսեն Սիմոնյանը։

Հացկերույթի ընթացքում վեճ էր սկսվել, որի ժամանակ աղջկա եղբայրը դանակով հարվածներ էր հասցրել  ապագա փեսային: Ստացած վնասվածքների հետևանքով տղամարդը մահացել էր։ Մալաթիայի ոստիկանները 22-ամյա երիտասարդին հայտնաբերել ու ներկայացրել են տարածքային քննչական մարմնին, որտեղ դեպքի առթիվ սպանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել։ Երիտասարդը  ձերբակալվել է։ Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք դանակը, որն առգրավվել է։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութը՝ այստեղ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել