Որ ասում ենք՝ միջազգային իրավունքի հնարավորությունները պետք է օգտագործել և հույսներս չդնել այս կամ այն պետության կամ առաջնորդի քաղաքական կամ այլ քմահաճույքին, ի նկատի ունենք այն, ինչ, օրինակ, երեկ ու այսօր ՄԱԿ֊ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի իրավաբանական թիմը արեց և դեռ շարունակելու է անել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբան, Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր Տարոն Սիմոնյանը։
«Հուսով եմ՝ քաղաքական որոշումներ կայացնողները նաև այս օրինակով կհասկանան, որ եղած հնարավորությունները չօգտագործելը և դրանով հանցավոր ինքնավստահություն դրսևորելը ուղղակիորեն վնասում է հայկական ազգային շահին ու, բնականաբար, Արցախի հարցի հայանպաստ լուծմանը»,-գրել է նա։
Ըստ Տարոն Սիմոնյանի՝ նման իրավական գործընթացներ Ադրբեջանի դեմ միայն Հաագայի դատարանում առնվազն հինգ կոնվենցիայի շրջանակներում դեռ կարող է սկսվել․ «Բայց դեռ հապաղում ենք….»,-նշել է նա։