Ոտքը լիովին չապաքինած պատերազմի մասնակցին հիվանդանոցի տնօրինությունը ընտրության առջև է կանգնեցնում․ մեկնաբանություն ունե՞ն անելու իրենց արարքի վերաբերյալ․ Հովսեփ Խուրշուդյան

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«44-օրյա պատերազմին որպես կամավորական մեկնած եւ վիրավորում ստանալու հետեւանքով գերի ընկած Սամվել Ասատրյանը Հայաստան վերադարձվելուց հետո այս տարվա փետրվարին աշխատանքի է ընդունվում Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում որպես գանձապահ 120․000 դրամ աշխատավարձով (հարկերը ներառյալ), օրական 6 ժամ՝ մինչեւ ժ․ 15։00, քանի որ այդ ժամերին էր նշանակված վիրավոր ոտքի վերականգնողական թերապիան։

Ընթացքում նրան նշանակում են անգամ ավագ գանձապահ, սակայն քանի որ աշխատանքի ծավալը շատ չի ավելանում, նա կարողանում է անել գործը տնօրինության հետ նախապես պայմանավորված ժամերում։

Սակայն հունիսին Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրինությունը փոխվում է, նոր տնօրեն է նշանակվում Վարդան Ավագյանը, ով մինչ այդ եղել է Աբովյանում գտնվող Թոքաբանության ազգային կենտրոնի (ավելի հայտնի որպես հակատուբերկուլոզային դիսպանսեր) տնօրեն։ Վարդան Ավագյանը սկսում է աստիճանաբար իր հետ նոր աշխատավայր տեղափոխել նախկին աշխատավայրի որոշ աշխատակիցների։

Պարզ չէ, թե հենց այս գործընթացի շրջանակներում, թե ոչ, սակայն Սամվել Ասատրյանը հունիսի վերջերին թե հուլիսի սկզբերին ազատվում է աշխատանքից (շատ ափսոս, որ նոր եմ իմանում այս դեպքի մասին, ու այլ աղբյուրներից)։ Այս պատմության ամենաամոթալի դրվագն այն է, որ դեռ ոտքը լիովին չապաքինած պատերազմի մասնակցին հիվանդանոցի տնօրինությունը ընտրության առջեւ է կանգնեցնում․ կամ աշխատանքի ես գալիս ամբողջ օրվա գրաֆիկով, կամ էլ ընտրում ես վերականգնողական թերապիայի այցելությունները ու ոտքիդ ապաքինումը։

Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Վարդան Ավագյանը, փոխտնօրեն Մհեր Մկրտչյանը մեկնաբանություն ունե՞ն անելու իրենց արարքի վերաբերյալ (եթե նրանց ֆեյսբուքյան էջերի հասցեները որեւէ մեկն ունի, խնդրեմ թագ արեք)։

ՀՀ առողջապահության նախարարություն, շա՞տ ունեք նման դեպքեր համակարգում։
ՀԳ․ Ի դեպ, Սամվել Ասատրյանը արդեն ավարտել է իր վերականգնողական թերապիան»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել