ՀՀ Կառավարության 29 հունվարի 2004 թվականի «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների համարակալման, հաշվառման և գրանցման կարգը հաստատելու մասին» N 59-Ն որոշման համաձայն՝ անասնատիրոջն անվճար հատկացվում է անձնագիր` հաշվեպիտակ ունեցող յուրաքանչյուր կենդանու համար:
Անձնագրավորման ենթակա են Հայաստանի Հանրապետությունում բուծվող բոլոր գյուղատնտեսական կենդանիները:
Գյուղատնտեսական կենդանիների անձնագրավորման նպատակներն են`
ա) Հայաստանի Հանրապետությունում առկա գլխաքանակի, դրանց սեռի, ցեղի և գտնվելու վայրի, տեղաշարժի մասին հավաստի տեղեկությունների ստացումն ու անասնաբուծական արտադրանքի ծավալների կանխատեսումը.
բ) վաճառվող մսի և մսամթերքի նկատմամբ սպառողների վստահության բարձրացումը.
գ) պետական պատվերի շրջանակներում հակահամաճարակային միջոցառումների լիարժեք իրականացումը և հիվանդությունների կանխարգելմանը և անասնաբուժական վերահսկմանը նպաստելը.
դ) անասնաբուծական մթերքի որակի փորձաքննությունը և երկրի ներսում կենդանիների տեղաշարժի վերահսկումը.
ե) անասնաբուծության մեջ տոհմասելեկցիոն աշխատանքների կազմակերպումը (ներառյալ կենդանիների արհեստական սերմնավորումը), նոր տեխնոլոգիաների ներդրումը, տոհմասելեկցիոն ծրագրերի մշակումն ու իրականացումը և տոհմային անասնաբուծության լիցենզավորման գործընթացի հստակեցումը.
զ) կենդանիների գրավադրման գործընթացին նպաստելը:
Անձնագիրը հատկացվում է անասնաբուժության, կենդանական ծագման մթերքի անվտանգության, անասնագլխաքանակի համարակալման և հաշվառման մարզային կենտրոնների կողմից (այսուհետ` մարզային կենտրոն)՝ գրանցման կարգի համաձայն կենդանու տվյալները գրանցամատյանում և համակարգչում մուտքագրվելուց հետո:
Կենդանու անձնագիրը կազմված է 8 էջից:
Անձնագրի 1-ին էջը լրացվում է մարզային կենտրոնի կողմից և ներառում է`
փաստաթղթի անվանումն ու համարը,
կենդանու հաշվառման համարը, ծննդյան տարեթիվը, սեռը, ցեղը և ցեղայնությունը, գույնը և այլ տվյալներ (երկվորյակ, էմբրիոտրանսպլանտանտ),
տվյալներ անասնատիրոջ, տնտեսության և նրա գտնվելու վայրի մասին,
կենդանու ծագումնաբանական տվյալները` հոր և մոր հաշվառման համարները և ցեղը,
անձնագիրը լրացնելու տարեթիվը և մարզային կենտրոնի տարածքային ստորաբաժանման անվանումը:
Անձնագրի 1-ին էջի գրանցումները վավերացվում են մարզային կենտրոնի ղեկավարի ստորագրությամբ և հաստատվում կնիքով:
Անձնագրի 2-րդ էջում գրանցվում են կենդանու տեղաշարժի մասին տվյալները և կատարվում արտահանման, բուծման, ցուցահանդեսի և սպանդի մասին նշումները: Այդ տվյալները լրացվում և վավերացվում են համայնքն սպասարկող անասնաբույժի կողմից:
Համայնքն սպասարկող անասնաբույժի կողմից կենդանու տվյալները մուտքագրվելուց և անձնագիրը պատրաստվելուց հետո այն մարզային կենտրոնի տարածքային ստորաբաժանման կողմից ուղարկվում է համայնքի ղեկավարին և տրվում անասնատիրոջը կամ նրա կողմից լիազորված անձին:
Անձնագրի հաջորդ էջերում նշվում են անասնաբուժական միջոցառումների անվանումները, դրանց իրականացման ժամկետները և դրվում է անասնաբույժի ստորագրությունը: