Դուք բավականին բոյով եք և շիշը ուղղել եք գործադիր մարմնի ղեկավարի ուղղությամբ․ Անդրանիկ Քոչարյանը՝ Արթուր Ղազինյանին

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը փոխնախագահ է ընտրում։ Այս պաշտոնում ԱԺ «Հայաստան» խմբակցությունը առաջարկել է Արթուր Ղազինյանի թեկնածությունը։

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հարց ուղղեց Ղազինյանին, հիշեց ԱԺ-ում օրեր առաջ տեղի ունեցած ծեծկռտուքը․ «Նկատվել է շշանետում նաև Ձեր կողմից։ Դուք բավականին բոյով եք և շիշը ուղղում եք գործադիր մարմնի ղեկավարի ուղղությամբ։ Դա միտումնավո՞ր էր, թե ինքնաբուխ որոշեցիք շիշը այդ ուղղությամբ նետել՝ չգիտակցելով, որբ պետական պահպանությունը կատարում է գործառույթ երկրի համար մեկ պաշտոնյայի հետ կապված և այդ շիշը կարող էր դիտվել ամեն ինչ, լարվածությունը կարող էր վերածվել լրիվ ուրիշ բանի։ Դուք դա գիտակցեցի՞ք շիշը այդ ուղղությամբ նետելիս»։

Ղազինյանը նշեց, որ երբ տեղի ունեցավ առաջին էմոցիոնալ պոռթկումը Սեյրան Օհանյանին հասցված վիրավորանքին ի պատասխան, նա վեր կացավ իր տեղից, որպեսզի հասնի գեներալին, քանի որ սպասում էր նաև նրա նկատմամբ հարձակում։

«Ճանապարհին իմ գլխին կպավ շիշ։ Հասա գեներալին, կանգնած էի շարքում, հարվածեց 2-րդ շիշը։ Ես կանգնած էի դեպի ամբիոնը և գտնվում էի առաջին շարքում։ Դա հետևից չէր կարող լինել, դա եկավ այդ ուղղությունից։ Ես առանց նայելու վերցրի շիշը նետեցի նույն ուղղությունով, որտեղից որ դա եկել էր։ Հետագայում տեսա, որ շիշը գնում է Մհեր Գրիգորյանի կողմ, իրականում՝ չէի ցանկանա, Գրիգորյանին վաղուց եմ ճանաչում»,-նշեց Ղազինյանը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը այդ ժամանակ արդեն աստիճանների վրա էր և դուրս էր գալիս դահլիճից, և որ իր կողմից փորձ չի արվել որևէ մեկին թիրախավորել։

Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հերթական տհաճ միջադեպը գրանցվեց:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթի ժամանակ Սեյրան Օհանյանը նրա վրա շիշ շպրտեց, երբ Հայկ Սարգսյանը հայտարարեց, որ բոլոր պաշտպանության նախարարները, որոնց ժամանակ փողով կամ զանգով բանակից մարդ է ազատվել, հայրենիքի դավաճան են:

Այնուհետև, ՔՊ և ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները սկսեցին միմյանց ուղղությամբ ջրի շշեր նետել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել