Կառաջարկեի զերծ մնալ սիրողական մակարդակով իրավագետ պատգամավորներին հակադարձելուց․ Գևորգ Դանիելյան

Ինչպես խոստացել էի, անդրադառնամ ԱԺ ամբիոնից հնչած՝ «իսկ ի՞նչ իրավունքով եք էրդողանին միջազգային հանցագործ անվանում» հարցին: Գիտեմ, շատերդ կասեք, թե բայց կա՞ դրա անհրաժեշտությունը, այդ ե՞րբ ենք թեորեմաները շփոթում աքսիոմաների հետ, բայց, համոզված եմ, որ այս իրավիճակում խիստ անհրաժեշտ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը։

«Նախ, այդ իրավունքը բխում է օտարերկրյա պաշտոնական աղբյուրներում բազմիցս արտացոլված այն փաստերից, ըստ որոնց՝ էրդողանը 44-օրյա պատերազմում ոչ միայն կազմակերպել է թուրքիայի զինված ուժերի, այդ թվում՝ արգելված զինատեսակներով, անմիջական մասնակցությունը, այլև ներգրավել է սիրիական վարձկան ահաբեկիչների. բերվում էին փաստեր նաև այլ իսլամական երկրներից բերված վարձկանների մասին: Պատերազմական գործողություններն ուղղված են եղել ոչ միայն կանոնավոր զինված ուժերի, այլև խաղաղ բնակչության դեմ: Ի դեպ, սիրիական վարձկան ահաբեկիչների փաստը հավաստել է նաև վարչապետն իր 2021 թ. հունվարի 4-ի «44 օրյա պատերազմի ծագումը» հոդվածում:

Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը դեռևս պատերազմի առաջին օրերին դիմել էր ՄԻԵԴ՝ թուրքիայի կողմից «սիրիացի վարձկաններ հավաքագրելու և Ադրբեջան տեղափոխելու միջոցով» կոնվենցիոն խախտումներ թույլ տալու հիմքով: Պատերազմական գործողություններն ուղղված են եղել ոչ միայն կանոնավոր զինված ուժերի, այլև խաղաղ բնակչության դեմ: Սա եղել է ոչ թե մերկապարանոց գանգատ, այլ ուղեկցվել է բազում ապացույցներով, այդ թվում՝ հղում է արվել ՌԴ արտաքին հետախուզական ծառայության պետ Սերգեյ Նարիշկինի պաշտոնական հաղորդագրության վրա, հիշատակվել է այդպիսի ահաբեկիչներից մեկին ձերբակալելու փաստը և այլն:

Չձանձրացնեմ, մանրամասն չանդրադառնամ նաև այդ փաստերի առերևույթ հիմնավորված լինելուն, ինչի արդյունքում ՄԻԵԴ-ը կայացրել է համապատասխան միջանկյալ որոշում, պարզապես կառաջարկեի զերծ մնալ սիրողական մակարդակով իրավագետ պատգամավորներին հակադարձելուց, քանզի արդյունքում խոցելի են դառնում ազգային անվտանգության շահերը, խաթարվում է ինքնապաշտպանության նվազագույն իմունիտեը, իբր տպավորիչ օրինակներ բերելիս, մի լավ խորհեք:

Հ.Գ. Ի դեպ, երբ խոսում եք անմեղության կանխավարկածի մասին, ապա հենց այդ հիմքով որևէ մեկն իրավունք չունի ժխտել Հայոց ցեղասպանությունը, քանզի այն բովանդակային կտրվածքով հաստատվել է հենց թուրքական դատավարություններով, դատապարտվել են հարյուրավոր թուրք կուսակցական ու զինվորական բարձրաստիճան գործիչներ, իսկ դատական ակտերը երբեք չեն բեկանվել: Դրանցով հաստատվել է էթնիկ շարժառիթներով հայերին, հույներին և քրդերին զանգվածաբար բնաջնջելու ծրագիրն ու կիրառումը: Այսպիսով, էրդողանը չի հարգում և չի ընդունում սեփական դատական ատյանների դատավճիռները …»,-գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել