Վարչական դատարանում դատավարական ժամկետները վերականգնելու կարգը

Դատավարական ժամկետների ավարտից հետո գործին մասնակցող անձինք կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը:

Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները, բողոքները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը:

Նման միջնորդությունը կարող է բավարարվել, եթե դատարանը գտնի, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով: Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը ներկայացվում է այն դատարան, որտեղ պետք է կատարվի դատավարական գործողությունը: Միջնորդության ներկայացման հետ միաժամանակ, եթե դա հնարավոր է, կատարվում են անհրաժեշտ դատավարական գործողությունները (դիմումի, բողոքի, փաստաթղթերի ներկայացում և այլն), որոնց կատարման ժամկետը բաց է թողնված:

Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը քննվում է դատարանում դա ստացվելու օրվանից հետո հնգօրյա ժամկետում` առանց գործին մասնակցող անձանց ծանուցման, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

Նշենք նաև, որ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին դատարանը կայացնում է որոշում և հետագայում այդ մասին նշում է գործն ըստ էության լուծող դատական ակտում:

Դատարանը բաց թողնված ժամկետը վերականգնելու հետ միաժամանակ կարող է սահմանել իրավունքի իրականացման համար նոր դատավարական ժամկետ, որը չի կարող գերազանցել օրենքով սահմանված ժամկետը: Որոշման պատճենը ուղարկվում է կողմերին ոչ ուշ, քան որոշման կայացման հաջորդ օրը:

Բաց թողնված դատավարական ժամկետի վերականգնումը մերժելու մասին դատարանը նույնպես կայացնում է որոշում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել