Գործը դատաքննության նախապատրաստելիս դատավորը պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխանն ստանալուց հետո, իսկ այդպիսին չստանալու դեպքում՝ պատասխան ուղարկելու համար նախատեսված ժամկետի ավարտից հետո, դատաքննությունն արդյունավետ իրականացնելու համար կարող է հրավիրել նախնական դատական նիստ: Կողմերը ևդատավարության այլ մասնակիցներ պատշաճ ծանուցվում են նախնական դատական նիստի վայրի և ժամանակի մասին:
Դատարանը նախնական դատական նիստում՝
1) պարզում է հայցի առարկան և հիմքերը.
2) անհրաժեշտության դեպքում կողմերին պարզաբանում է նրանց իրավունքները և պարտականությունները, դատավարական գործողություններ կատարելու կամ չկատարելու հետևանքները.
3) պարզում է վիճելի իրավահարաբերության բնույթը և կիրառման ենթակա օրենսդրությունը.
4) պարզում է գործին մասնակցող անձանց և դատավարության այլ մասնակիցների կազմը.
5) կողմերի հետ քննարկում է ապացուցում պահանջող փաստերի շրջանակը և ապացուցման բեռի բաշխման կանոններին համապատասխան` կողմերի միջև բաշխում է ապացուցման բեռը: Դատարանը քննարկված փաստերի շրջանակը լրացնում է նաև այն փաստերով, որոնք, իր կարծիքով, էական են վեճի լուծման համար: Ապացուցում պահանջող փաստերի շրջանակը որոշելը նախապատրաստական փուլում չի սահմանափակում դատարանի իրավունքը` դատաքննության յուրաքանչյուր փուլում պահանջելու նոր փաստերի ապացուցում.
6) սահմանում է ապացույցներ ներկայացնելու ժամկետները, ինչպես նաև իրեղեն ապացույցները հակառակ կողմին ծանոթացնելու կարգը.
7) կողմերի միջնորդությամբ, ինչպես նաև իր նախաձեռնությամբ պահանջում է անհրաժեշտ ապացույցներ, լուծում է փորձաքննություն նշանակելու, դատական նիստին փորձագետներ, վկաներ կանչելու, թարգմանիչ ներգրավելու, տեղում իրեղեն և գրավոր ապացույցներն ուսումնասիրելու, ինքնաբացարկի հարցերը.
8) կողմերի միջնորդությամբ, ինչպես նաև իր նախաձեռնությամբ լուծում է հայցի, հակընդդեմ հայցի կամ ապացույցների ապահովման հարցերը, ինչպես նաև կողմերի այլ միջնորդությունները.
9) քննարկում է գործի քննությանն այլ անձանց ներգրավելու, ոչ պատշաճ կողմին փոխարինելու, մի քանի պահանջների միացման և առանձնացման հարցերը.
10) իրականացնում է գործի արդյունավետ քննությանն ուղղված այլ գործողություններ:
Ըստ անհրաժեշտության` դատարանը կարող է հրավիրել մեկից ավելի նախնական դատական նիստ: