Խաչատուր Սուքիասյանի հայտարարությունը՝ երեկ Երևանի կենտրոնում տեղի ունեցած միջադեպի մասին

Գործարար Խաչատուր Սուքիասյանը հայտարարություն է տարածել, որում նշվում է․ «Երեկ Երևանի կենտրոնում տեղի ունեցած տհաճ և անթույլատրելի միջադեպն ինձ համար անընդունելի է:

Հարաբերությունների պարզման նման բարքը դատապարտելի է: Թե ինչ է տեղի ունեցել իրականում, ավելի ճիշտ կհայտնեն ՀՀ իրավապահ համակարգի ներկայացուցիչները՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն իրականացնելուց հետո:

Հայտարարում եմ, որ անկախ մարդու ով լինելուց, Հայաստանի հանրապետությունում բոլորն օրենքի առաջ հավասար են՝ անկախ սոցիալական և քաղաքական կարգավիճակից»,-նշվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ամիրյան 18 հասցեում կրակոցներ են հնչել: Նույն օրը հաղորդում է ստացվել նաև «Արմենիա» բժշկական կենտրոնից այն մասին, որ ոտքի շրջանի հրազենային վնասվածքով բուժօգնության է դիմել ԱՄՆ քաղաքացի՝ ծնված 1979թ.։ Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ բժշկական կենտրոն տեղափոխված անձը հրազենային մարմնական վնասվածքն ստացել է Երևան քաղաքի Ամիրյան 18 հասցեում տեղի ունեցած միջադեպի ժամանակ։

Նախնական տվյալներով՝ անհայտ անձինք, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, ժամը 19:30-ի սահմաններում Երևան քաղաքի Ամիրյան 18 հասցեում՝ մայթեզրին, վիճաբանել են իրար հետ, հարվածներ հասցրել միմյանց, որի ժամանակ ներկաներից մեկը ոտքի շրջանում հրազենային վնասվածք է ստացել:

Դեպքը կապում են Սուքիասյանների ընտանիքի հետ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել