Ոչ ոքի մոտ հարց չի՞ առաջանում, թե ոնց է ստացվում, որ գիշերվա մթության մեջ սնկի պես աճող տաղավարները հենց Աջափնյակում են բազմանում

«Քաղաքացու որոշում» կուսակցության ղեկավար Սուրեն Սահակյանն անդրադարձել է Աջափնյակ վարչական շրջանում ապօրինի կառուցվող շինությունների խնդրին։

Այս մասին նա գրում է․

«Ոչ ոքի մոտ հարց չի՞ առաջանում, թե ոնց է ստացվում, որ գիշերվա մթության մեջ սնկի պես աճող տաղավարները հենց Աջափնյակում են բազմանում։ Գուցե հարմար միջավա՞յր է ստեղծվել։ Այդ դեպքում ո՞րը կարող է լինել այդ միջավայրի նկարագիրը։ Ընդամենը ինձ հասու տեղեկություններն եմ հրապարակում։

6/18 ընտրատեղամասում ինձ հետ պատահած միջադեպը, որն ըստ էության այս ընտրությունների ընթացքում միակն էր, երբ պատգամավորի թեկնածուին արգելում էին ձայների հաշվարկի ժամանակ մուտք գործել ընտրատեղամաս, կապված էր իր ագրեսիվ վարքով, զոռբայությամբ աչքի ընկած ՔՊ կուսակցության մի վստահված անձի հետ։ Վստահված անձն այնքան ազատ էր իր ագրեսիվության մեջ, այնքան էր ոստիկանությունը նրա արարքներին մատների արանքով նայել ողջ օրվա ընթացքում, որ իրեն սկսել էր թվալ, թե ցանկացածին կարող է դուրս շպրտել տեղամասից, հայհոյել, աթոռ շպրտել վրան և դա հանգիստ կմարսվի, կգնա։

Միջադեպից րոպեներ անց տեղամաս հասան ոստիկանության հատուկ նշանակության լրացուցիչ ուժեր։ Բայց հետաքրքրականն այն է, որ մինչև նույնիսկ նրանց ժամանելը արդեն իսկ տեղում էր մի 20 հոգանոց ագրեսիվ տրամադրված խումբ, որը սպառնալիքներ էր հնչեցնում իմ հասցեին։ Ամեն ինչից երևում էր, որ դա կազմակերպված բանդա է (որի մասին հաջորդ օրը խոսեց նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը)․ իսկը նախկին քաղաքական համակարգի լավագույն ավանդույթներով։

Դեռ ոստիկանությունում մի քանի զանգով ինձ հաջողվեց պարզել, որ դա քրեական շրջանակներում հայտնի ոմն «Կանևսկոյի» ազդեցության տակ գտնվող քրեական տարրեր են՝ ըստ էության քրեական աստիճանակարգության մեջ բուրգի ներքին օղակները։ Նույն փնթի տարրերը, պարզվում է, լավ կազմակերպված են, քանի որ նույն գիշերը, միջադեպից ընդամենը ժամեր անց հայտնվել էին կուսակցության գրասենյակի մոտակայքում և ընկերոջս շփոթելով ինձ հետ, կոնֆլիկտ հրահրել, ինչից մեր մոտենալուց հետո հաջողվեց խուսափել։ Ենթադրաբար նույն մարդիկ էլ ընտրության գիշերը ամբողջ Աջափնյակի վարչական շրջանում տեղադրել են ապօրինի տաղավարները և, ինչպես պնդում է Երևանի քաղաքապետը, զինված պայքարում են այդ ապօրինությունը հաստատելու համար։

Ի՞նչ է ստացվում։ Հեղափոխական գործընթացներից ընդամենը 3 տարի անց ես կոնֆլիկտ եմ ունենում մարդկանց հետ, որոնք խոչընդոտում են ընտրությունների ընթացքը, ստիպված եմ լինում 2018 թվականի ապրիլի 23-ից իր մշտական տեղակայման ապահով վայրից ինքնապաշտպանության նպատակով օրինական զենքը հանել և կրել, որպեսզի կառավարող ուժի հովանավորյալ քրեական տարրերին հատուկ վրիժառության պրակտիկաները կանխեմ։ Ու ամենակարևորը՝ դա տեղի է ունենում, որովհետև քրեական տարրերը ընտրությունների ընթացքում ապահովում են կառավարող ուժի ձայները շատ կոնկրետ շրջաններում։ Բարի գալուստ «Նոր Հայաստան», որը շփոթության աստիճան նման է Հնին։

Տեղեկացնեմ նաև, որ տեղամասում կոնֆլիկտի համար իմ վրա քրեական գործ կարել չհաջողվեց, որովհետև թեթև վնասվածք ստացած կինը բացառիկ ազնիվ ու անկաշառ էր և հայտնեց, որ իմ դեմ բողոք չունի, քանի որ անհնար է՝ միտումնավոր վնաս հասցրած լինեմ նրան, չնայած հորդդորներին, հրաժարվեց դատաբժշկի մոտ այցելելուց։ Գործը հարուցվեց արդեն հանրային բողոքի հիման վրա՝ իբր ընտրական գործընթացը խոչընդոտելու համար։ Պատկերացրեցիք, չէ՞՝ ով է օրենքի պահանջը ոտնահարել, ում իրավունքներն են խախտվել և ում են պատրաստվում պատասխանատվության կանչել։

Դե … տեսնենք։ Ամենակարևորը, որ պետք է արձանագրել ապագայի համար՝ անպատժելիությունը ծնում է նոր, ավելի մեծ հանցանքներ»։

Հիշեցնենք, որ հունիսի 22-ին՝ ավագանու նիստի ժամանակ, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ խոսելով ապօրինի շինարարությունների մասին, նշեց, որ գործում են հատուկ կրիմինալ խմբավորումներ, որոնք սխեմաներով են գործում և դրանցում կան մարդիկ, որոնք բոլոր օղակներով աշխատում են՝ պետական մարմիններ, դատական համակարգ․․․։

«Մենք դեպք ենք ունեցե, որ գիշերը մեր աշխատակիցներից 8 հոգի, ինչպես նաև ոստիկաններից 3 հոգի ներկա են եղել այդպիսի մի կրպակի տեղադրման։

Կրպակի տեղադրմանը մասնակցել են 40-50 հոգի մարդ։

Մեր աշխատակիցները և ոստիկանությունը փորձել են կանխել, իրենք զինված են եղել, ունեցել են տարբեր տիպի մահակներ, դանակներ, և ուղղակի չեն կարողացել կանգնացնել դա։ Դա եղել է 7-8 օր առաջ, ոստիկանության ներկայցությամբ։

Ինձ զեկուցել են, որ ընտրությունների օրը 5 կրպակ է տեղադրվել, որոնցից 2-ը ոստիկանների ներկայությամբ։ Քանի որ ոստիկանական ուժեր չկային, ոստիկանները զբաղված էին նաև ընտրությունների անցկացման ապահովմամբ, ուղղակի չեն կարողացել դրա դեմն առնել։ Կանգնել են, տեսել, թե ինչ է կատարվում»,-ասաց Հայկ Մարությանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել