Երևանում փողոցներ կանվանափոխվեն․ ավագանին որոշում կընդունի

Երևանի ավագանին հունիսի 22-ին նիստ կգումարի, որի ժամանակ որոշում կընդունի Երևանում մի քանի փողոցների անվանափոխության մասին։

Մասնավորապես, որոշում կընդունվի Շենգավիթ վարչական շրջանի Շահամիրյանների փողոցն անվանափոխել Հայաստանի Հանրապետության տնտեսության վաստակավոր աշխատող, բարերար Հրանտ Վարդանյանի անվամբ՝ «Հրանտ Վարդանյան փողոց»։

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Շահամիր Շահամիրյան փողոցը, ի պատիվ հայր և որդի Շահամիր և Հակոբ Շահամիրյաններ, անվանափոխել Շահամիրյանների փողոց:

Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Երևանի քաղաքապետին են դիմել ՀՀ էկոնոմիկայի նախարարը, «Գրանդ Հոլդինգ» ընկերությունը և Հայաստանի գործատուների հանրապետական միությունը՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Շահամիրյանների փողոցն անվանափոխել ՀՀ տնտեսության վաստակավոր աշխատող, բարերար Հրանտ Վարդանյանի անվամբ: Հրանտ Վարդանյանը մեծ ավանդ է ունեցել Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման, առաջընթացի, հզորացման, երկրում բազմաթիվ աշխատատեղերի ստեղծման և հայկական արտադրանքի արժևորման գործում: Նրա կողմից ստեղծված ընկերությունները նշանակալի կարևորություն են ունեցել հայաստանյան ներքին շուկայի զարգացման, հայրենական արտադրության վերականգնման ու խթանման, մի շարք այլ երկրներում հայկական արտադրանքը ներկայացնելու և մրցակցային ամուր դիրքեր ունենալու տեսանկյունից:

Հրանտ Վարդանյանի, ինչպես նաև «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացված նշանակալի բարեգործական աջակցությունները տարիներ շարունակ իրենց ներդրումն են ունեցել և շարունակում ունենալ Հայաստանի Հանրապետության գիտության, կրթության, առողջապահության, սպորտի և մի շարք այլ ոլորտների զարգացման գործում:

Երևան քաղաքի Շահամիրյանների փողոցը Հրանտ Վարդանյանի անունով անվանափոխելու առաջարկը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ փողոցի վրա տեղակայված 14 շենք-շինություններից 12-ը պատկանում են Հրանտ Վարդանյանի կողմից հիմնադրված, այդտեղ հասցեավորված և գործունեություն ծավալող մի շարք ընկերություններին:

Այդ փողոցի վրա է հասցեավորված և գործունեություն ծավալում նաև «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը:

Հիմնադրամը պարտավորվել է իրականացնել նշված փողոցի բարեկարգման աշխատանքները, որոնք արդեն իսկ մեկնարկել են 2020 թվականից: Համաձայն ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշման 15-րդ կետի՝ նույն անվամբ կարող է անվանակոչվել բնակավայրի միայն մեկ բաղադրիչ: Արգելվում է միևնույն բնակավայրում անանուն ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչումը նույնատեսակ անվանումները կրկնող անուններով կամ համարներով:

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում կան Շահամիրյաններ և Շահամիր Շահամիրյան անունները կրող փողոցներ:

ՀՀ կառավարության վերոնշյալ որոշման 16-րդ կետի բ) ենթակետի համաձայն՝ ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանափոխումը թույլատրվում է օտար, անբարեհունչ և կրկնվող անունները վերացնելիս:

Հաշվի առնելով վերոգրյալը, առաջարկվում է Շահամիրյանների փողոցն անվանափոխել Հրանտ Վարդանյանի անվամբ՝ «Հրանտ Վարդանյան փողոց»:

Նույն որոշման 2-րդ կետով առաջարկվում է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Շահամիր Շահամիրյան փողոցն անվանափոխել Շահամիրյանների փողոց՝ նպատակ ունենալով հավերժ պահել հայ մեծանուն մտածողներ հայր և որդի՝ Շահամիր և Հակոբ Շահամիրյանների անունները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել