Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի գաղափարներն արտահայտում են մարդկության ամենավեհ ձգտումները: Դրանք ներկայացված են ոչ քաղաքական համատեքստում և առաջադրում են այն գաղափարը, որ աշխարհում յուրաքանչյուր ոք կարող է ընկալվել որպես մարդկություն կոչվող ընտանիքի անդամ: Այդ հռչակագիրը պատմության մեջ առաջին անգամ միավորեց քաղաքական, մշակութային և կրոնական բազմաթիվ ավանդույթներից սերվող գաղափարներ:
Համընդհանուր հռչակագիրն իր 30 հոդվածներում ներկայացնում է բոլոր մարդկանց վերաբերող հիմնական օրենքները և ազատությունները՝ ներառյալ քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքները: Սակայն Հռչակագիրն ինքնին չունի օրենքի ուժ: Հռչակագիրը, ըստ այն ընդունողների մտահղացման, չպետք է պետությունների համար կրեր պարտավորեցնող (իմպերատիվ) բնույթ: Այն բարոյական կանոնների ժողովածու է: Այս բարոյական կանոնների ուժը, ազդեցությունը և կիրառելիությունը կարելի է գնահատել նրանց համատարած ընդունվածության և տեղական դատաիրավական համակարգերի մեջ ներառման մակարդակով: Սակայն հարկ է նշել, որ այսօր բոլոր երկրներում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերի քննարկման ժամանակ գրեթե ամենուր ընդունված է վկայակոչել Հռչակագիրը:
Հռչակագրի դրույթներն ամրագրված են գրեթե բոլոր երկրների սահմանադրություններում (այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում), միջազգային փաստաթղթերում, տարածաշրջանային համաձայնագրերում և կոնվենցիաներում, ինչպես նաև ՄԱԿ-ի բազմաթիվ բանաձևերում: Թեև Հռչակագիրը, որպես այդպիսին, իրավաբանական պարադիր փաստաթուղթ չէ, սակայն միջազգայնագետների գերիշխող կարծիքի համաձայն, այն ինքնաբերաբար ձեռք է բերել պարտավորեցնող բնույթ: Հռչակագիրը հանրության կողմից ընդունվում է որպես միջազգային սովորութային իրավունքի բաղկացուցիչ մաս:
Հռչակագիրը` մարդու իրավունքների ուղղությամբ ՄԱԿ-ի ողջ աշխատանքի բարոյական և իրավական հիմքն է: Այն ամփոփում է մարդու իրավունքների համընդհանուր չափանիշները և հիմք է հանդիսացել մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի ավելի քան 50 կոնվենցիաների, հռչակագրերի ընդունման և միջազգային նվազագույն կանոնների ու սկզբունքների հարցերով մարմինների ստեղծման համար: Այլ լրացուցիչ չափանիշներն էլ ավելի են կատարելագործել լայն շրջանակի հարցերին վերաբերող միջազգային իրավական նորմերը: