Արտակ Բեգլարյանը այցելել է Ասկերանի շրջանի առաջնագծամերձ գյուղեր

Արտակ Բեգլարյանը շրջայց է կատարել Ասկերանի շրջանի առաջնագծամերձ որոշ գյուղեր: Այս մասին հայտնում է Արցախի կառավարության ֆեյսբուքյան էջը։

«Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հունիսի 12-ին այցելել է Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի առաջնագծամերձ չորս գյուղեր՝ տեղում ծանոթանալու բնակավայրերի հիմնախնդիրներին ու առկա իրավիճակը քննարկելու բնակիչների հետ:

Սզնեք, Մխիթարաշեն, Կարմիր գյուղ ու Խաչմաչ բնակավայրերում Արտակ Բեգլարյանը հանդիպումներ է ունեցել տեղի բնակչության և համայնքների ղեկավարների հետ, քննարկել բնակիչներին հուզող հարցերը անվտանգության, ենթակառուցվածքների վերականգնման, սոցիալ-տնտեսական զարգացման վերաբերյալ:

«Հաշվի առնելով պատերազմի ծանր հետևանքները ողջ Արցախի ու այս գյուղերի համար՝ անհրաժեշտ են հետևողական ու միասնական ջանքեր պետական մարմինների, քաղաքացիների և ողջ հայության կողմից, որպեսզի հնարավոր լինի ժամանակի ընթացքում հաղթահարել դրանք և Հայրենիքը տեղափոխել կայուն զարգացման հուն:

Անշուշտ, երկարաժամկետ անվտանգության երաշխավորումը գլխավոր նախապայմանն է դրա համար, սակայն հարկ է գիտակցել, որ դա կախված է նաև մեր այսօրվա գործողություններից ու վճռականությունից:

Այդ հարցում կկարևորեի անկեղծ ու բաց երկխոսությունը իշխանությունների ու հասարակության միջև, ինչը թույլ կտա համատեղ վերհանել հիմնախնդիրները և գտնել համապատասխան լուծումներ:

Ներկա պայմաններում պետության կողմից ջանքեր են գործադրվում ոչ միայն առաջնագծամերձ բնակավայրերի արագ վերականգնման, այլ նաև դրանց ամրացման ու զարգացման ուղղությամբ»,- նշել է պետական նախարարը:

Հանդիպումների ընթացքում բազմաթիվ հարցեր ու առաջարկներ են ուղղվել Արտակ Բեգլարյանին, որոնց վերաբերյալ շահագրգիռ քննարկումներ են ծավալվել:

Պետական նախարարը տվել է կոնկրետ հանձնարարականներ՝ միևնույն ժամանակ խոստանալով ուսումնասիրել մնացած հարցերի ու առաջարկների կյանքի կոչման հնարավորությունները»,- ասված է հայտարարության մեջ:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել