«Ի պատասխան yerevan.today լրատվական կայքի «Հայաստանի նոր միլիոնատերերը․ Պապիկյանը 3 տարում ԱՍՖԱԼՏԻ վրա դարձել է դոլարային միլիոնատեր» վերտառությամբ հրապարակման՝ հայտնում ենք․
Հրապարակման հեղինակը նույնիսկ հարկ չի համարել նշյալ հայտարարագրից որևէ տվյալ ներկայացնել՝ որպես իր կողմից ներկայացված «տարբերակի» ապացույց: Ավելին, հոդվածում ճանապարհների շինարարական աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայությունների հետ առնչվող տեղեկությունները և դրանց հետ կապված եզրակացությունները գեթ մեկ փաստով չեն կապակցվում «նախարարի՝ ԱՍՖԱԼՏԻ վրա դոլարային միլիոնատեր» դառնալու հերյուրանքի հետ։
Ուստի, ճանապարհաշինության ոլորտում ծառայությունների որակը բարձրացնելու, միջազգային փորձը ներդնելու, ազգային կարողությունները զարգացնելու, միջազգային ինժեներական (տեխնիկական հսկողության ծառայություններ մատուցող) ընկերություններին նախատեսված գնման գործընթացին մասնակցելու հնարավորություն ընձեռելու նպատակով, ծրագրի շրջանակներում ավտոմոբիլային ճանապարհների շինարարական աշխատանքների նկատմամբ շինարարության որակի տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման նախահաշիվային արժեքները կազմվել են՝ հիմք ընդունելով ՀՀ-ում վարկային ծրագրերով իրականացվող ճանապարհաշինության համանման աշխատանքների շինարարության որակի տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման համար անցկացված մրցույթներում միջազգային ինժեներական (տեխնիկական հսկողության ծառայություններ մատուցող) ընկերությունների կողմից ներկայացրած գնային առաջարկների միջինացված ցուցանիշները։
Ինժեներական համանման ծառայությունների արժեքների կազմման համար հաշվի են առնվել մի շարք առանձնահատկություններ, մասնավորապես՝ ներգրավված փորձագետների քանակը։ Նախահաշվով նախատեսված է, որ շինարարության որակի տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման համար անհրաժեշտ փորձագետների խումբը պետք է ներառի միջազգային փորձառությամբ ինժեներներ (15-10 տարվա փորձառությամբ), այդ թվում՝ թիմի ղեկավար (1 փորձագետ), որակի ապահովման մասնագետներ (2 մասնագետ) և գլխավոր ինժեներ (2 մասնագետ) պետք է լինեն, որոնց վարձատրության դրույքաչափերը, ըստ վարկային և դրամաշնորհային կամ այլ ծրագրերում ունեցած փորձի և իրականացված ուսումնասիրության արդյունքների, էականորեն գերազանցում են տեղական մասնագետների համար նույնատիպ ծառայությունների համար կիրառվող վարձատրության դրույքաչափերը։
Վերոգրյալի ուղղությամբ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության իրականացրած միջոցառումները նպատակաուղղված էին շինաշխատանքների անհապաղ սկսմանը, ուստի այս համատեքստում ճանապարհահատվածների շինարարական աշխատանքների ժամանակին մեկնարկն անհետաձգելի պահանջ էր: Հաշվի առնելով, որ մրցութային կարգով գնման գործընթացը ժամանակատար էր, ուստի ակնհայտ էր, որ հնարավոր չէր լինելու նախանշված ժամկետում ձեռք բերել շինարարության որակի տեխնիկական հսկողության ծառայություններ և մեկնարկել ճանապարհահատվածների շինարարական աշխատանքները ու տվյալ մասով ապահովել պետական բյուջեի կապիտալ ծախսերի գծով կատարումը:
Նշյալով պայմանավորված՝ ընդունվել է ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի N 827-Ն որոշումը, որի 5-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանվել է, որ ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի N 879-Ն որոշմամբ հաստատված կարգի 31-րդ կետի պահանջները չեն տարածվում սույն որոշման 3-րդ կետում նշված գնման գործընթացի արդյունքում ձեռք բերված տեխնիկական հսկողության ծառայության վրա, և սույն որոշման շրջանակներում կնքվելիք պայմանագրի արժեքը որոշվում է գնման գործընթացի արդյունքում: