Արմավիրում դատավորները Խլղաթյանի մասով հրաժարվեցին արդարատատություն իրականացնելուց․ փաստաբան

«Ռուբեն Խլղաթյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ բողոքը քիչ առաջ էլեկտրոնային եղանակով ուղարկել եմ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր։ Սպասում ենք, ակնկալում ենք, որ գոնե Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը վաղը ևեթ անհապաղ կքննի այն»,- Իրավաբան․net-ի հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Ռուբեն Խլղաթյանի փաստաբան Գայանե Պապոյանը։

Նա հայտնեց, որ Արմավիրում դատավորները Խլղաթյանի մասով հրաժարվել են արդարատատություն իրականացնելուց։

«Դեռևս կեսօրին հայտարարել էինք, որ դատավորներից մեկն ինքնաբացարկ էր հայտարարել, որից հետո մակագրվեց մեկ այլ դատավորի՝ Վահե Ջիվանյանին։ Նիստը բացվելուց հետո, մինչև բողոքի քննարկմանն անդրադառնալը, դատարանին պարզ դարձավ այն հանգամանքը, որ քրեական գործի նախաքննությունը շարունակելու համար ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն։

Եվ դատարանը բարձրացրեց այն հարցը՝ արդյո՞ք ընդատյա Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննելու է այդ բողոքը էն գործով, որի նախաքննությունը շարունակելու համար ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն։

Խորհրդակցական սենյակ մտնելուց հետո հրապարակեց որոշումը՝ գործը ընդատության ուղարկելու վերաբերյալ, այն է՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան։

Որոշ դեպքերում պաշտպանական կողմը առարկություններ էր ներկայացրել, ինչու՞, քանի որ գոյություն ունի Սահմանադրություն, Կոնվենցիա, անձի հիմնարար իրավունք, և էս դեպքում պետք է անձի հիմնարար իրավունքը վեր դասել։

Ստացվում է՝ մենք ձևականությունների հետևից ենք ընկած։ 4-5 ժամ քննվում է ինքնաբացարկի հարցը, որից հետո մի 3-4 քննվում է՝ արդյո՞ք դատարանն իրավասու է զբաղվել նշված գործով, թե՝ ոչ։ Ու էդ ընթացքում արդեն 24 ժամը լրանում է, որ անձը ձերբակալության տակ է և, ըստ էության, բովանդակային առումով բողոքը դեռևս քննված չէ»,- ասաց փաստաբանը։

Հիշեցնենք, որ Արմավիրի նախկին քաղաքապետ, «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Ռուբեն Խլղաթյանի ձերբակալության իրավաչափության վերաբերյալ բողոք էր ներկայացվել դատարան։ Այս մասին հայտնել էր նրա փաստաբան Գայանե Պապոյանը։

«Ձերբակալել են Քրեական օրենսգրքի 154․2 հոդվածով (Ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը)»,-նշել էր Պապոյանը։

Հիշեցնենք, որ 2018 թվականի հունիսին Ռուբեն Խլղաթյանը հրաժարական է ներկայացրել քաղաքապետի պաշտոնից։

Նա Արմավիրի քաղաքապետ է ընտրվել 2004թ., հետագայում վերընտրվել է, մինչ այդ զբաղեցրել է փոխքաղաքապետի պաշտոնը:

Խլղաթյանը «Պատիվ ունեմ»-ի ցուցակի 16-րդ համարն է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել