Նիկոլ Փաշինյանը պետք է այդ արարքի կատարման կապակցությամբ ենթարկվի պատասխանատվության․ Արա Զոհրաբյան

«Այսօր հաղորդում ենք ուզում ներկայացնել Գլխավոր դատախազին Նիկոլ Փաշինյանի կողմից քրեական օրենսգրքի 300 հոդվածով նախատեսված արարքի կապակցությամբ։ Դուք գիտեք, որ նա ապրիլի 25-ից հրաժարական է տվել, և ընդունվել է իր հրաժարականը, ինչի հետևանքով նաև կառավարության հրաժարականն է ընդունվել։ Այդ օրվանից հետո նա չի կարող վարչապետի լիազորություն իրականացնել։ Իսկ Քրեական օրենսգրքի 300 հոդվածի 3-րդ մասը հստակ նշում է, որ եթե վարչապետը լիազորությունների ավարտից հետո շարունակում է պահել այդ լիազորությունները, իրականացնել, ապա ազատազրկման է դատապարտվելու 10-15 տարի ժամանակով»,- Իրավաբան․net-ի հետ զրույցում ասաց Փաստաբանների պալատի նախագահ, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը։

Նրա խոսքով՝ դա ծանր հանցագործություն է, և նրանք կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը պետք է այդ արարքի կատարման կապակցությամբ ենթարկվի պատասխանատվության։

«Մենք հայտարարեցինք, որ ժամը 15:00-ին այստեղ ենք լինելու, մեր քաղաքացիներից ով կցանկանա, կարող է միանալ ստորագրահավաքին, մենք այդպես կհանձնենք դատախազությանը»,- նշեց Արա Զոհրաբյանը։

Հիշեցնենք, որ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության և 5165 շարժման համատեղ հանրահավաքի ժամանակ Արա Զոհրաբյանը հայտնել էր, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվելու Հայաստանի սահմանների վերաբերյալ փաստաթուղթ ստորագրելու ցանկություն հայտնած Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնը պահելու (յուրացնելու) արարքի կապակցությամբ:

Դատախազին ներկայացվելիք հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է․

« 1. Հանցագործության մասին հաղորդման փաստական հանգամանքները.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2021թ. ապրիլի 25-ին հրաժարական է ներկայացրել:
ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած Արմեն Սարգսյանի 2021թ. ապրիլի 25-ի ՆՀ-80-Ա հրամանագրով ընդունվել է կառավարության հրաժարականը:
Նիկոլ Փաշինյանը 25.04.2021 թվականից հետո շարունակել է իրականացնել ՀՀ վարչապետի լիազորությունները, իրեն համարելով վարչապետ (Տես օրինակ՝ 21.05.2021թ. 550-Ա որոշումը և 25.04.2021 թվականից հետո ընդունված այլ որոշումները):

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստվում է Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության նախագահների հետ ստորագրել Հայաստանի Հանրապետության պետական սահմաններին առնչվող փաստաթուղթ:

2. Հանցագործության մասին հաղորդման իրավական հիմքերը և հիմնավորումները.

ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ իշխանությունը պահելը` Հանրապետության Նախագահի, պատգամավորի, ՎԱՐՉԱՊԵՏԻ, նախարարի լիազորությունների ավարտից հետո այդ լիազորությունների իրականացումը շարունակելը` պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:

ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը ԹԱՓՈՒՐ մնալու այլ դեպքերում Կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ:

Ինչպես տեսնում ենք սահմանադիրն օգտագործել է «Թափուր մնալ» բառերը և վարչապետի հրաժարականը դիտարկել է թափուր մնալու դեպքերի թվում: Հետևաբար, վարչապետի հրաժարական ներկայացնելու պահից վարչապետի պաշտոնը ԹԱՓՈՒՐ Է:

Ըստ Էդուարդ Բագրատի Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարանի» «թափուր» բառը նշանակում է՝ դատարկ, ազատ, չզբաղեցրած, որտեղ ոչինչ չկա, անմարդաբնակ, ամայի:

Վարչապետի հրաժարականի դեպքում, վերջինիս պաշտոնը համարվում է թափուր, այսինքն ազատ, հետևաբար նա չի կարող շարունակել վարչապետի լիազորությունների ժամանակավոր կատարումը: Կառավարության մյուս անդամները՝ փոխվարչապետերը և նախարարները, շարունակում են ժամանակավոր պաշտոնավարել:

Հատկանշական է, որ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 6-րդ հոդվածում թափուր մնալու դեպքերի շարքում վարչապետի հրաժարականի դեպքը չնշելը, որևէ նշանակություն չի կարող ունենալ, քանի որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի՝

9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին.
40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտերի նորմերի միջև կոլիզիաների դեպքում, ըստ հերթականության, կիրառվում են հետևյալ կանոնները, ընդ որում, յուրաքանչյուր հաջորդ կանոնը կիրառվում է, եթե կիրառելի չէ նախորդ կանոնը՝ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտի նորմը:

Օրենսդրության մեջ էլ նման իրավիճակներում թափուր պաշտոնների հետ կապված կարգավորումները խոսում են հենց այս տրամաբանության մասին:  Օրինակ՝ ազգային ժողովի նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում, ԱԺ նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահի տեղակալը: ՀՀ նախագահի հրաժարականի  դեպքերում մինչև նորընտիր Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը Հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը:

Այս պայմաններում, մեր կարծիքով, Նիկոլ Փաշինյանը կատարել է արարք, որը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին:

Քննարկվող դեպքում մեր կարծիքով առկա են քրեական գործ հարուցելու և հիմքը և առիթը: Հանցագործության մասին հաղորդումը չունի վերացական բնույթ, ներկայացված փաստական հանգամանքները իրենց բնույթով բավարար են հանցագործության հատկանիշների առնվազն արտաքին հատկանիշների առկայությունն առերևույթ հաստատված համարելու համար:

3. Պահանջը
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 182 հոդվածով՝ խնդրում ենք՝ հարուցել քրեական գործ վերը ներկայացված փաստերի առթիվ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել