Լիճը մնում է իրենց տիրապետության տակ. Գորիսի փոխքաղաքապետ

Մամուլում տեղեկություն է շրջանառվում, որ այս պահի դրությամբ ադրբեջանական զինված ուժերը դեռ չեն հեռացել Սև լճի տարածքից և լիճն ամբողջությամբ գտնվում է իրենց տիրապետության տակ:

«Եթե 3.5 կմ առաջ են եկել, բնականաբար լիճը մնում է իրենց տիրապետության տակ: Այս պահի դրությամբ հետ չեն գնացել»,-այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը:

Նրա խոսքով՝ բանակցություններ այս պահին չեն ընթանում: Դրանք կվերսկսվեն այսօր՝ մայիսի 13-ին, ժամը 12:00-ին:

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 12-ին Պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, որ մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ:

Մամուլում տարածվող տեղեկությունները «Իշխանասարի ուղղությամբ ընթացող մարտերի մասին» չեն համապատասխանում իրականությանը։ Նման զարգացումների դեպքում պաշտպանության նախարարությունն առաջինը հանդես կգար հայտարարությամբ։ Կոչ ենք անում ձեռնպահ մնալ չճշտված, առավել ևս՝ խուճապ տարածող տեղեկություններ հրապարակելուց:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել