Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը ձերբակալվել է: Իրավաբան․net-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը:
Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ Զաքարյանը ձերբակալվել է Սյունիքի մարզում վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ իրականացված ակցիաների կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) և 258-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասի (Խուլիգանություն) հատկանիշներով։
Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի ձերբակալվելու լուրերի վերաբերյալ ՔԿ-ից ոչ հերքեցին, ոչ էլ հաստատեցին լուրը։
Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին և 21-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզում էր, որտեղ այցելել է տարբեր համայնքներ։ Այցի ընթացքում քաղաքացիները ճանապարհներ են փակել, բողոքի ակցիաներ իրականացրել, հայհոյանքներ հնչեցրել,բացականչել՝ «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու» և այլ արտահայտություններ։
Տեղի ունեցած բողոքի ակցիաներից հետո քրեական գործ է հարուցվել խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու հոդվածներով։
Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ պետին ու ոստիկանապետին հրահանգել է չմասնակցել խորհրդակցության, գնալ, զբաղվել քրեական գործով՝ միաժամանակ հույս հայտնելով, որ իրավապահները կոշտ կարձագանքեն տեղի ունեցածին, որ միջադեպի մասնակիցները հանրության համար տեսանելի ձևով կկանչվեն պատասխանատվության։