44 օր մարդկանցից ճշմարտությունը թաքցրած գերատեսչությունը փորձում է զոհվածի ծնողների ու հարազատների հայտարարությունները կասկածելի համարել. Հասմիկ Մարտիրոսյան

Ֆեյսբուքյան օգտատեր Հասմիկ Մարտիրոսյանը ի պատասխան Պաշտպանության նախարարության և Պաշտպանության բանակի հերքմանը՝ գրել է.

«Ի պատասխան ՊԲ հերքմանը
Պաշտպանության բանակը հերքել է իմ հրապարակումը և հայտարարել, թե իբր իմ գրածն իրականության հետ աղերս չունի:
Հերքումը տեսնելուց հետ ինձ հետ կապվել է զոհված զինծառայող Ռոբերտ Կարապետյանի հայրը՝ Անդրանիկ Կարապետյանը, որը նաև զարմուհուս ամուսինն է։

Անդրանիկը խնդրեց իր խոսքերը առանց փոփոխության հրապարակել, ուստի գրում եմ․
«Մարտի 6-ին գիշերը ժամը 23։30-ին Հոկտեմբերյանի մոստի տակ պայմանավորվել են իմ հետ։ Եկել է մի հատ անծանոթ մարդ։ Ասել ա, որ իրանց սպաներից ա, վկայական ենք պահանջել, վկայական ցույց չի տվել, որ ես համոզվեմ՝ սպա ա եղել, թե չէ: Տուն գալու առաջարկ չի եղել։ Տարել եմ գերեզմանոց ու ասել եմ՝ դու սպա չես ու ինչ, որ բերել ես թող երեխու գերեզմանոցում, գնա»։

Դուք ասում եք, որ սպա է եղել: Ծնողն, ում փոխանցվել ա մեդալ, ասում ա՝ փաստաթուղթ չի ունեցել ու չգիտի՝ ով ա իրեն փոխանցողը։

Կեսգիշերին մոտ ծնողի հետ կապվելը նույնպես պարգևների հանձնման արարողակարգի բաղադրի՞չ է:
Ապշեցուցիչ է ուղղակի, որ 44 օր մարդկանցից ճշմարտությունը թաքցրած գերատեսչությունը փորձում է զոհվածի ծնողների ու հարազատների հայտարարությունները կասկածելի համարել։
Շնորհակալություն եմ հայտնում բոլորին իրենց զորակցության ու աջակցության համար։ Նաև լրատվամիջոցներին, ովքեր անտարբեր չեղան ու տարածեցին տեղեկություն»։

Նշենք, որ նա զոհված զինծառայող Ռոբերտ Կարապետյանի մորաքույրն է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Պաշտպանության բանակը հերքում էր հրապարակել, որում ասված էր.

«Ի պատասխան հայկական լրատվամիջոցներում լայնորեն տարածվող ֆեյսբուքյան օգտատեր Հասմիկ Մարտիրոսյանի՝ «Հադրութում զոհված զինծառայող Ռոբերտ Կարապետյանի «Արիության» մեդալը տուն է բերել տաքսու վարորդը» վերտառությամբ գրությանը՝ անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել հետևյալը.

Նախ՝ նշվածը իրականության հետ որևէ աղերս չունի:

Երկրորդ՝ իրականում Ռոբերտ Կարապետյանի ոչ թե «Արիության համար», այլ՝ «Մարտական ծառայություն» մեդալը հարազատներին է հանձնել ոչ թե տաքսու վարորդը, այլ լեյտենանտ Էդգար Ապրեսյանը, որը մարտական գործողությունների ժամանակ եղել է այն ստորաբաժանմանը աջակցող դասակի հրամանատարը, որի անձնակազմի ներկայացուցիչներից է եղել Ռոբերտ Կարապետյանը:

Նախապես լ-տ Ապրեսյանը ցանկացել է մեդալը հանձնել զոհված զինծառայողի հարազատներին նրանց հարկի տակ, սակայն ծնողների կողմից մերժում ստանալուց հետո այն հանձնել է զոհված զինծառայողի շիրմաքարի մոտ վերջինիս հորը:

Զոհված զինծառայողների պարգևների հանձնման գործընթացը շարունակական է և այն իրականացվում է ոչ միայն զորամաս և ավելի բարձր օղակների հրամկազմի, այլև անմիջական հրամանատարների և մարտական ընկերների մասնակցությամբ:

Կոչ ենք անում զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին և սոցիալական ցանցերի անհատ օգտատերերին չշահարկել մեր ժողովրդի համար անչափ զգայուն նշանակություն ունեցող թեմաները և զերծ մնալ չստուգված տեղեկություններ հրապարակելուց»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել