Կարելի՞ է առաջին պահանջը ներկայացնել սուբսիդիար պատասխանատվություն կրող անձին

Պարտավորության կողմ չհանդիսացող անձը պարտատիրոջ առջև կարող է կրել հիմնական պարտապանի պատասխանատվությանը լրացուցիչ պատասխանատվություն:

Մինչև պահանջներն այն անձին ներկայացնելը, ով օրենքին, այլ իրավական ակտերին կամ պարտավորության պայմաններին համապատասխան կրում է հիմնական պարտապանի պատասխանատվությանը լրացուցիչ պատասխանատվություն (սուբսիդիար պատասխանատվություն), պարտատերը պետք է պահանջ ներկայացնի հիմնական պարտապանին: Օրինակ, երաշխավորության պայմանագրով կարող է նախատեսվել երաշխավորի սուբսիդիար պատասխանատվություն:

Այս պարագայում, պարտատերը պետք է պահանջը նախ ներկայացնի հիմնական պարտապանին:

Եթե հիմնական պարտապանը հրաժարվել է պարտատիրոջ պահանջը բավարարելուց, կամ պարտատերը ողջամիտ ժամկետում չի ստացել նրան ներկայացված պահանջի պատասխանը, ապա այդ պահանջը կարող է ներկայացվել սուբսիդիար պատասխանատվություն կրող անձին, ըստ օրինակի՝ երաշխավորին:

Փաստաբան Արփինե Եղիկյանը տեղեկացնում է, որ. «Պարտատերն իրավունք չունի հիմնական պարտապանին ուղղված իր պահանջի բավարարումը պահանջել սուբսիդիար պատասխանատվություն կրող անձից, եթե այն կարող է բավարարվել հիմնական պարտապանի դեմ ուղղված հակընդդեմ պահանջի հաշվանցով»:

Սուբսիդիար պատասխանատվություն կրող անձը, մինչև պարտատիրոջ կողմից իրեն ներկայացված պահանջը բավարարելը, պետք է այդ մասին զգուշացնի հիմնական պարտապանին, իսկ եթե իր դեմ հայց է հարուցվել` վերջինիս մասնակից դարձնի գործին: Հակառակ դեպքում հիմնական պարտապանն իրավունք ունի սուբսիդիար պատասխանատվություն կրող անձի հետադարձ պահանջի դեմ անել այնպիսի առարկություններ, որոնք նա ունեցել է պարտատիրոջ պահանջների հանդեպ:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել