ՔԿ-ն երթուղայինում կատարված սպանության մասին

2021թ. ապրիլի 14-ին՝ ժամը 10:10-ին, ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Լեո և Պարոնյան փողոցների խաչմերուկում երթուղայինի մեջ դանակահարություն է տեղի ունեցել:

Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից:

Նույն օրը՝ ժամը 10:35-ին, շտապօգնության Կենտրոն ենթակայանից ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի վերոնշյալ խաչմերուկում հայտնաբերվել է ինքնությունը չպարզված տղամարդու դի:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննությունը: Միջոցառումներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները,  ինչպես նաև ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 14-ին, Երևանում, 54 համարի երթուղայինում սպանություն է տեղի ունեցել։ Ըստ լրատվամիջոցների հետ զրուցած ականատեսների՝ վեճը ծագել է դիմակ կրել-չկրելու հարցից։

Ինչպես ներկայացրել են դեպքի ականատեսները, ուղևորներից մեկը մյուսին հորդորել է դիմակ կրել, ինչից հետո վեճ է սկսել։ Մի ուղևորը դանակահարել է մյուսին, ինչի հետևանքով էլ վնասվածք ստացածը տեղում մահացել է։

Լուսանկարը՝ Արմենպրեսի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել