Ընտանեկան նպաստ ստանալու համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու նպատակով ընտանիքի մյուս չափահաս անդամների համաձայնությամբ դիմում է փաստացի բնակության վայրի տարածքային մարմին` ներկայացնելով դիմում-հայտարարագիր, ընտանիքի անապահովության միավորը հաշվարկելու համար իր ընտանիքի յուրաքանչյուր անդամի եկամտի, ընտանիքի կազմի, բնակարանային պայմանների, ընտանիքի յուրաքանչյուր անդամի զբաղվածության, սոցիալական վիճակի և այլ պայմանների մասին հավաստի և ամբողջական տեղեկությունները հավաստող փաստաթղթեր:
Ընտանեկան նպաստ նշանակելու համար դիմելու օր է համարվում տարածքային մարմնի կողմից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով դիմում-հայտարարագիրն ընդունելու օրը: Այն դեպքում, երբ դիմում-հայտարարագրին կցվում են ոչ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, տարածքային մարմինը երեք օրվա ընթացքում դիմողին գրավոր տեղեկացնում է պակասող փաստաթղթերի ցանկի և դրանք սահմանված ժամկետում ներկայացնելու անհրաժեշտության մասին:
Եթե դիմողը տեղեկացվելուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, այդ փաստաթղթերը ներկայացնում է, ապա դիմելու օր է համարվում ընտանեկան նպաստ նշանակելու համար դիմում-հայտարարագիրն ընդունելու օրը: Նշված ժամկետից ուշ փաստաթղթերը ներկայացնելու դեպքում դիմելու օր է համարվում բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու օրը:
Աղբյուր՝ Իրավաբան.net