Կառավարությունն ավելացրել է որպես պետական աջակցություն տրամադրվող հիփոթեքային վարկերի գումարի չափը

Դիմողների թվի կտրուկ աճով պայմանավորված՝ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ․  ծրագրերի համար հատկացված ֆինանսական միջոցները կհամալրվեն։ Կառավարությունը մարտի 19-ի նիստին հաստատել է նախագիծը։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ծրագրերի շրջանակում մարտի 9-ի դրությամբ՝ աջակցություն է ստացել 600 շահառու, փոխանցված ընդհանուր դրամական միջոցները՝ շուրջ 469 մլն դրամ, որից 131 միլիոն դրամը 2021 թվականին 185 շահառուի համար։

2021 թվականի առաջին եռամսյակում աջակցություն ստանալու համար դիմողների թիվը շարունակում է ավելանալ, 2021 մարտի 9-ի դրությամբ արդեն առկա է 44 շահառուի համար հաստատված հայտ, որոնցով նախատեսված վճարման ենթակա գումարը կազմում է մոտ 39 միլիոն դրամ։ Հաշվի առնելով դիմողների թիվը, որոնց՝ ծրագրում ընդգրկելու մասին որոշումը պետք է ընդունվի և վճարումն իրականացվի մարտ ամսվա ընթացքում, ինչպես նաև նախորդ ամիսներին հաստատված հայտերի հիման վրա կատարված կանխատեսումները, 2021 թվականի առաջին եռամսյակի համար կպահանջվի ևս 30 մլն դրամ շուրջ 40 շահառուի վճարում իրականացնելու համար։

Հիշեցնենք, որ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերն ուղղված են հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերող (բերած) կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկ ստացած շահառուներին։

Առաջին ծրագրի շրջանակում՝ միանվագ դրամական աջակցություն է տրվում մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու համար։

Երկրորդ ծրագրով՝ հիփոթեքով բնակարան ձեռք բերող շահառուին տրամադրվում է դրամական աջակցություն՝ կանխավճարի ապահովագրության տարեկան ապահովագրական վճարն իրականացնելու համար։ Մյուս ծրագրով՝ հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում՝ ընտանիքին տրվում է միանվագ դրամական աջակցություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել