ԱՁ-ն կօգտվի եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններից

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մեղրու տարածքային հարկային տեսչությունը հայցադիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ընդդեմ անհատ ձեռնարկատեր Հ.Ավետիսյանի` պատասխանողից հօգուտ պետական բյուջեի 742.150 դրամ բռնագանձելու պահանջի մասին։

Դիմելով դատարան` հայցվորը հայտնել է, որ պատասխանող անհատ ձեռնարկատեր Հ.Ավետիսյանի պարտավորությունը ՀՀ պետական բյուջեի հանդեպ 05.10.2011թ. դրությամբ կազմել է 742.150 դրամ, որից պարտադիր սոցիալական ապահովության վճարի գծով` 602.875 դրամ, եկամտահարկի գծով` 139.275 դրամ։

Պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով պարտավորությունն առաջացել է 2005 թվականի հունվարից մինչև 2011թ. օգոստոս ամիսների համար հաշվարկված նվազագույն պարտադիր սոցիալական ապահովության վճարները պետական բյուջե օրենքով սահմանված ժամկետներում չվճարելու հետևանքով, որը կազմել է 400.000 դրամ։

Եկամտահարկի գծով պարտավորություններն առաջացել է 2004-2006թթ. եկամտահարկի հաշվարկներով, որը կազմել է 90.000 դրամ։ Օրենքով սահամանված ժամկետում չվճարելու հետևանքով հաշվարկվել է տույժ` 49.275 դրամի չափով։

Վարչական դատարանը գտել է, որ վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառելի են «Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքով նախատեսված արտոնությունները։ Հայցվորը, հաշվարկելով հարկային և այլ պարտավորություններ, պարտավոր էր առաջնորդվել նշված օրենքով, քանի որ դրանք առաջացել են 2003 թվականից սկսած։

Բացի այդ, համաձայն «Անհատ ձեռնարկատերերի համար եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի` սույն հոդվածում նշված անհատ ձեռնարկատերերի ցանկերը (2003-2005 թվականների համար հաշվարկված և չվճարված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների նվազագույն գումարների պարտադիր նշումով) հարկային տեսչությունները մինչև 2006 թվականի սեպտեմբերի 1-ը ներկայացնում են պետական ռեգիստրի գործակալության համապատասխան տարածքային ստորաբաժանումներ` մինչև 2006 թվականի նոյեմբերի 1-ը պետական գրանցամատյանում գործունեության դադարեցման (լուծարման) մասին գրառում կատարելու, նրանց վկայականները անվավեր ճանաչելու և պարտավորությունները հրապարակելու համար, այնինչ հայցվորը տվյալ օրենքի պահանջը չի կատարել և չի դիմել պետական ռեգիստրի գործակալության տարածքային ստորաբաժանմանը` պետական գրանցամատյանում պատասխանողի գործունեության դադարեցման (լուծարման) մասին գրառում կատարելու, նրա վկայականն անվավեր ճանաչելու և պարտավորությունները հրապարակելու համար:

Ուստի դատարանը վճռեց հայցը մերժել:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել