Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախատեսում է հանդիպել ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ:
Ինչպես հայտնել ենք, երկրում լարվածության թուլացման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղիներ գտնելու նպատակով նախագահ Սարգսյանը նախաձեռնում է քննարկումների շարք:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի աշխատակազմը փետրվարի 25-ին հայտարարություն էր տարածել, որում ասվում էր․
«Հանրապետության նախագահի աշխատակազմը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկությունը ստացել է ՀՀ զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի հայտարարությունից հետո:
Համաձայն ՀՀ Սահմանադրության, Հանրապետության նախագահն ունի եռօրյա ժամկետ իր դիրքորոշումն արտահայտելու համար: Նախագահը, ելնելով պետական մարմինների բնականոն գործունեությունն ապահովելու անհրաժեշտությունից, մինչ օրս սկզբունքային առարկություններ չի ունեցել պաշտոնատար անձանց նշանակման և ազատման հարցում:
Սակայն, ռազմական դրության իրավիճակում, առկա ճգնաժամի պայմաններում, վերը նշված հայտարարությունից հետո, զինված ուժերի գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատումը հերթական կադրային փոփոխություն չէ՝ հաշվի առնելով, որ ՀՀ Սահմանադրության համաձայն, Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը:
Ստեղծված իրավիճակում որևէ մեկը որևէ ձևով չպետք է փորձի նախագահին ներքաշել քաղաքական գործընթացների մեջ: Անթույլատրելի է նախագահի նկատմամբ ճնշման որևէ փորձ:
Հանրապետության նախագահը որևէ մեկի կամ որևէ քաղաքական ուժի կողմից չէ, երբևէ չի եղել և չի պատրաստվում լինել: Նախագահն իր գործառույթներն իրականացնելիս առաջնորդվում է բացառապես պետության ու ժողովրդի շահերով:
Նախագահ Սարգսյանը կարևորում է կայունությունն ու հանդուրժողականության մթնոլորտը երկրում և շարունակելու է ամեն ինչ անել այդ ուղղությամբ՝ համոզված լինելով, որ խնդիրները պետք է լուծվեն երկխոսության, և ոչ թե առճակատման միջոցով:
Նախագահն այս պահի առաջնահերթ խնդիրն է համարում երկրում առկա լարվածության թուլացումն ու իրավիճակի անցնցում հանգուցալուծումը, և նրա բոլոր գործողություններն ուղղված են դրան»:
Այսօր՝ փետրվարի 25-ին, ԶՈՒ ԳՇ ղեկավարությունը՝ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ պահանջել է վարչապետի հրաժարականը։ Հայտարարությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնահատել է որպես ռազմական հեղաշրջման փորձ։ Նա իր կողմնակիցների հրավիրել է Հանրապետության Հրապարակ՝ նրանց հետ խոսելու համար։
Նա նշեց, որ երեկ և այսօր որոշումներ է կայացրել պաշտոնից ազատել ինչպես Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի, այնպես էլ պետին՝ Օնիկ Գասպարյանին, որին հետևել է ԳՇ-ի հայտարարությունը։
«Այն ինչ տեղի է ունենում, ես որակում եմ որպես ռազմական հեղաշրջման փորձ։ Տեղի ունեցած ամբողջ պատասխանատվությունը ես վերցրել եմ ինձ վրա և հարցերի ես ինքս կպատասխանեմ։ Եկել ենք մի փուլի, որտեղ, ցավոք սրտի, մեր որոշ բարձրաստիճան զինվորականների հարցեր տալուց չենք կարող խուսափել, որովհետև եթե ուզում ենք, որ պատերազմի վերաբերյալ ամբողջ ճշմարտությունը հայտնի դառնա, մեր մի քանի բարձրաստիճան զինվորականների չենք կարող հարցեր չտալ, բայց մի քանի գեներալների դուր չի գալիս, որ մենք կարող ենք իրենց ուղղված հարցեր ունենալ մի քանի դրվագների վերաբերյալ։ Մենք պիտի իմանանք մի շարք հարցերի պատասխաններ, կոնկրետ մարտական, ռազմական դրվագների հետ կապված, ինչ կապեր են եղել որոշ բարձրաստիճան սպաների և որոշ քաղաքական շրջանակների միջև, ովքեր էին, որ պատերազմի ընթացքում կապվում էին բանակի հետ և փոխանակ ասեն՝ ձեր մարտերը տարեք, հորդորում էին, որ պետք է իշխանության խնդիրը լուծել»,-նշեց նա։