Ո՞վ կարող է նախաձեռնել միջազգային պայմանագրի կնքումը

Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կնքումը օրենքով սահմանված կարգով միջազգային պայմանագրի կնքման նախաձեռնության դրսևորման և այդ պայմանագրի վավերացման կամ հաստատման հետ կապված և դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ընթացակարգերի ամբողջությունն է։

Հայաստանի Հանրապետության միջպետական, միջկառավարական և միջգերատեսչական միջազգային պայմանագիր կնքելու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ Հայաստանի Հանրապետության Նախագահը, կառավարությունը, վարչապետը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, գերատեսչությունները, ինչպես նաև միջազգային պայմանագրի օտարերկրյա սուբյեկտները։

Գերատեսչությունները կարող են հանդես գալ իրենց իրավասության մեջ մտնող հարցերի կարգավորմանը վերաբերող միջազգային պայմանագիր կնքելու նախաձեռնությամբ:

Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիր կնքելու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ շահագրգիռ մեկից ավելի գերատեսչություններ: Այդ գերատեսչությունները կարող են նաև սեփական նախաձեռնությամբ կամ համապատասխան հանձնարարությամբ կամ առաջարկությամբ համատեղ մշակել միջազգային պայմանագրի նախագիծը: Այդ դեպքում դրանցից մեկը հանդես է գալիս որպես գլխավոր նախաձեռնող և պատասխանատվություն է կրում միջազգայինպայմանագրի նախագծի համաձայնեցման համար սահմանված ընթացակարգերի իրականացման համար։

Հայաստանի Հանրապետության Նախագահի, կառավարության, վարչապետի կողմից Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիր կնքելու նախաձեռնությունն արտահայտվում է միջպետական, միջկառավարական կամ միջգերատեսչական պայմանագիր կնքելու վերաբերյալ հանձնարարական տալու կամ առաջարկություն անելու միջոցով։

Հայաստանի Հանրապետության Նախագահի, կառավարության, վարչապետի հանձնարարականը կամ առաջարկությունն անմիջականորեն ուղարկվում է արտաքին գործերի նախարարություն: Հանձնարարականը կամ առաջարկությունը ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, արտաքին գործերի նախարարությունը հանձնարարականի կամ առաջարկության պատճենը` համապատասխան պայմանագիր կնքելու վերաբերյալ իր կարծիքով, փոխանցում է այն գերատեսչություն, որի իրավասության ոլորտին առնչվելու կամ առավելապես առնչվելու են դրանով կարգավորվելիք հարաբերությունները` անհրաժեշտության դեպքում կցելով համապատասխան միջազգային պայմանագրի նախագծի տարբերակ։

Արտաքին գործերի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիր կնքելու նախաձեռնությունն արտահայտվում է միջպետական, միջկառավարական կամ միջգերատեսչական պայմանագիր կնքելու վերաբերյալ իրավասու գերատեսչությանը առաջարկություն ներկայացնելու միջոցով, որին կարող է կցվել նաև միջազգային պայմանագրի նախագծի տարբերակ:

Եթե միջազգային պայմանագիր կնքելու նախաձեռնությունը դրսևորվել է միջազգային պայմանագրի օտարերկրյա սուբյեկտի կողմից, և այդ մասին առաջարկությունը ներկայացվել է արտաքին գործերի նախարարություն, ապա վերջինս այդ առաջարկությունը 10-օրյա ժամկետում իր կարծիքի հետ փոխանցում է այն գերատեսչություն, որի իրավասության ոլորտին առնչվելու կամ առավելապես առնչվելու են դրանով կարգավորվելիք հարաբերությունները` վերջինիս ուղարկելով նաև համապատասխան միջազգային պայմանագրի այն նախագիծը, որն ինքը ստացել է նախաձեռնություն ցուցաբերած միջազգայինպայմանագրի օտարերկրյա սուբյեկտից։

Եթե միջազգային պայմանագիր կնքելու նախաձեռնություն դրսևորած միջազգային պայմանագրի օտարերկրյա սուբյեկտը համապատասխան առաջարկությունն անմիջականորեն ներկայացրել է իրավասու գերատեսչություն, ապա վերջինս այդ մասին 5-օրյա ժամկետում ծանուցում է արտաքին գործերի նախարարությանը` կցելով առաջարկությանը վերաբերող այն փաստաթղթերի պատճենները, որոնք ստացել է միջազգային պայմանագրի օտարերկրյա սուբյեկտից, ինչպես նաև իրականացնելով օրենքով նախատեսված գործողությունները։

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել