Որոշվեց չեղարկել միջոցառումը՝ երեխաներին կրկնակի սթրեսի չենթարկելու համար․ հայտարարություն

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում ներկայացրել է «Իմ Քայլը» հիմնադրամի հայտարարությունը, որտեղ, մասնավորապես, նշված է․

«ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի հովանավորությամբ դեկտեմբերի 26-ին և 27-ին Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում նախատեսվում էր իրականացնել ամանորյա կրթաժամանցային մանկական միջոցառում, որտեղ երեխաները հնարավորություն կունենային 10 թեմատիկ տաղավարում էլֆերի հետ միասին ձևավորել թխվածքաբլիթներ, պատրաստել խաղալիքներ ու բացիկներ, գունազարդել կավե արձանիկներ ու պաստառներ, գիտափորձեր անցկացնել «փոքրիկ գիտնականների լաբորատորիայում», հյուրասիրվել տաք շոկոլադով ու թարմ վաֆլիով, փոքրիկ նվերներ ստանալ Ձմեռ պապից ու խաղալ հեքիաթային կերպարների հետ։

Միջոցառման նպատակը երեխաներին հետպատերազմական ծանր մթնոլորտից մի փոքր կտրելն ու մի փոքրիկ հեքիաթային անկյուն պարգևելն էր։

Միջոցառմանը նախորդող մոտ երկու շաբաթների ընթացքում Հիմնադրամի աշխատակիցները հետաքրքրվում էին հանրության և հատկապես տեղահանված բնակչության շրջանում, թե արդյո՞ք կցանկանան երեխաներին տանել կրթաժամանցային միջոցառման, և ստանում էին միանշանակ դրական արձագանք։

Արդեն երեկ Հիմնադրամի աշխատակիցներին մոտենում էին երեխաները և անհամբերությամբ հետաքրքրվում, թե երբ են մասնակցելու միջոցառմանը։

Սակայն միջոցառման նախօրեին սոցիալական ցանցերում կեղծ լուրեր տարածվեցին այն մասին, թե նախատեսվում է համերգ։ Առավոտյան կազմակերպիչները պոկած և թափված գտան տոնածառի ճյուղերն ու խաղալիքները, իսկ հավաքված մի խումբ տղամարդիկ պահանջեցին ապամոնտաժել տաղավարները։ Սոցիալական ցանցերում արդեն իսկ հնչում էին կոչեր տաղավարները վառելու, ինչպես նաև՝ երեխաների մուտքը միջոցառմանը խոչընդելու վերաբերյալ։ Հաշվի առնելով, որ նպատակը պատերազմի ընթացքում երեխաների տարած սթրեսը մեղմելն էր, որոշվեց չեղարկել միջոցառումը՝ երեխաներին կրկնակի սթրեսի չենթարկելու համար։

Ի դեպ, միջոցառման կազմակերպչական աշխատանքները համակարգվել են ԱՀ կառավարության հետ»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան թատրոնի դերասան, Արցախի տեղեկատվական շտաբի լուսանկարիչ Դավիթ Ղահրամյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր լուսանկար՝ նշելով, որ ապամոնտաժվում է վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կողմից կազմակերպած ամանորյա միջոցառումների համար տեղադրված տոնածառը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել