ԱԺ-ում քննարկվել է բանակ-հասարակություն կապը

Ապրիլի 15-ին տեղի ունեցավ «Բանակ-հասարակություն փոխադարձ կապի ամրապնդում» թեմայով խորհրդարանական լսումներ: Այս մասին տեղեկացնում է, ԱԺ-ի պաշտոնական կայք էջը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: Նրա գնահատմամբ՝ խորհրդարանական լսումների թեման խիստ արդիական է, ինչը նախ եւ առաջ պայմանավորված է բանակ-հասարակություն փոխադարձ կապի ամրապնդման եւ պետության անվտանգության, երկրի ժողովրդավարական զարգացումների միջեւ առկա ուղղակի կապով:

 Կորյուն Նահապետյանը նշեց, որ ուժային կառույցների քաղաքացիական վերահսկողությունը, հասարակական իրազեկվածությունն ու թափանցիկությունն ապահովելու, հանրային վստահությունը բարձրացնելու եւ դրանք իրատեսական ու գործնական հիմքերի վրա դնելու առումով Ազգային ժողովում նոր մշակույթ է ձեւավորվում: Անդրադառնալով բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը՝ Կորյուն Նահապետյանը նշեց, որ այդ կարեւոր խնդրի իրականացումը չի կարելի դիտարկել միակողմանիորեն: Այդ կապն ակտիվացնելու համար պահանջվում է մի կողմից հասարակական շահագրգիռ ներգրավվածություն, մյուս կողմից հասարակությանը հուզող խնդիրներին պետական կառույցների արձագանքման, դրանց լուծումներ տալու պատրաստակամություն:

 Քննարկվող հարցի վերաբերյալ ելույթ ունեցավ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը՝ նկատելով, որ խորհրդարանական լսումների թեման, արդիական լինելուց զատ, նաեւ շարունակական զարգացման միտում ունի: Բանակը ի վիճակի պետք է լինի քայլել հասարակության մեջ տեղի ունեցող զարգացումներին համընթաց, քանզի բանակի սոցիալական հենքը հասարակության բոլոր շերտերն են: Ըստ նրա՝ զինված ուժերի հասարակական վերահսկողությունը ոչ միայն սահմանադրական դրույթ է, այլեւ հասարակական կարեւոր պահանջ: Նախարարի գնահատմամբ՝ բանակ-հասարակություն կապի ամրապնդման լավագույն ձևը Պաշտպանության նախարարության՝ իրեն վերապահված խնդիրների պատշաճ իրականացումն է:

 ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինը Հայաստանի հասարակության ու բանակի սերտ համագործակցության կարևորությունը պայմանավորեց Հայաստանի տարածաշրջանային դիրքով ու գոյություն ունեցող մարտահրավերներով: Նա ներկայացրեց զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության եւ կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում Ազգային ժողովի, Պաշտպանության նախարարության եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եռակողմ համագործակցության ձեւերն ու արդյունքները:

 ՀՀ պաշտպանության նախարարության ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ Հայկ Քոթանջյանը բանակ-հասարակություն փոխադարձ կապի ամրապնդումը կարեւորեց զինված ուժերի արդյունավետության եւ պետական անվտանգության տեսանկյունից: Ըստ նրա՝ քաղաքացիական վերահսկողության իրականացումը ժողովրդավարության գերակա խնդիր է եւ համակարգված քաղաքականություն, գերատեսչությունների սերտ համագործակցություն է ենթադրում:

 «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ նախագահ Արթուր Սաքունցը անդրադարձավ զինծառայության ընթացքում կանոնադրական հարաբերությունների խախտման դեպքերին, զինվորների կենսապահովման խնդրին, բանակում նկատվող կոռուպցիոն ռիսկերին, զինծառայողների առողջական խնդիրներին, զորակոչիկների պիտանելիության հարցին՝ նկատելով, որ դրանց արդյունավետ լուծումը դեռ շատ ջանք ու հետեւողական աշխատանք է պահանջում:

 ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր Արթուր Աթանեսյանը խոսեց զինված ուժերի փոխակերպման սոցիալական գործոնների մասին: Նրա գնահատմամբ՝ հաճախ հասարակությունը ոչ թե օգնում, այլ խանգարում է բանակում առկա խնդիրների լուծմանը, քանի որ դրանց զգալի մասը հասարակությունն է ծնել: Արթուր Աթանեսյանը բանակի կոնֆլիկտային իրավիճակը պայմանավորեց հասարակության կոնֆլիկտային բարձր մակարդակով եւ մատնանշեց դրանց կանխարգելման միջոցառումների ձեւերը:

 ԶՈՒԺՎ Ժնեւի կենտրոնի տնօրենի տեղակալ Ֆիլիպ Ֆլուրին գոհունակությամբ նշեց, որ խորհրդարանական այս լսումները ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի եւ Ժնեւի կենտրոնի միջեւ ստորագրված հուշագրի լավագույն արդյունքն է, եւ հույս հայտնեց, որ այդ համագործակցությունը շարունակական ու արդյունավետ կլինի նոր նախաձեռնություններով: Նրա գնահատմամբ՝ հասարակություն-բանակ հարաբերությունների ակտիվացումը պայմանավորված է բազմաթիվ՝ սոցիալական, արժեհամակարգային, հոգեբանական, կառավարմանն առնչվող հանգամանքներով: Ֆիլիպ Ֆլուրին խորհրդարանական վերահսկողությունը կարեւոր գործիք համարեց հասարակություն-բանակ կապերի ամրապնդման գործում, իսկ հասարակական կազմակերպությունների ներգրավումը՝ անհրաժեշտ պայման:

 Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել