Շնորհակալություն հայտնելու փոխարեն ես կհանրայնացնեմ այն մարդկանց անունները, որոնք օգտակար եղան մեր ստորաբաժանմանը․ Հայկ Խանումյան

«Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Շնորհակալություն հայտնելու փոխարեն ես կհանրայնացնեմ այն մարդկանց անունները, որոնք օգտակար եղան մեր ստորաբաժանմանը՝ այն դարձնելով ավելի ապահոված և տեխնիկապես զինված։ Պետական մարմինների ու զինվորականների անունները չեմ նշի։

Այսպես, ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Կարապետյան, որը Գորիսից անհրաժեշտ ամեն ինչ՝ ավտոմեքենա, պահեստամասեր, սարքեր, սնունդ, վառելիք և այլն ուղարկում էր մեզ։ Տիգրան Կյուրեղյան, որ Բերձորի իր տունը դարձրել էր մեր թիկունքային պահեստն ու ստորաբաժանման կետերից մեկը։ Ու չնայած Տիգրանը զբաղված էր Քաշաթաղի հյուսիսային թևի աշխարհազորի կազմակերպմամբ՝ հաճախ էր իր նիվայով դառնում մեր նյութապահովման դասակի մաս։

Գոռ Մանուկյան, որի համակարգած բերձորյան բազայից առատորեն օգտվել ենք։ Այդ բազան կենսունակ էր նաև Սարգիս Մուրադյան պատկերասրահում հավաքվող իրերի շնորհիվ, որի նախաձեռնողը Հակոբ Ճաղարյանն ու Զարուհի Մուրադյանն էին։

Դանիել Իոաննիսյան, որի տված դրոնը պատերազմի վերջին օրերին զոհ գնաց ռէպ միջոցներին։ Դանիելը մեկ Մարտակերտում էր, մեկ Մարտունիում, մեզ համար բերում էր փոխարկիչներ, գեներատորներ, անհրաժեշտ բազմաթիվ այլ բաներ։

Արշավիր Ղարամյան, ով կարևոր դիտարկման սարքեր նվիրեց մեզ։ Նման սարքերի առկայությունը բարձրացնում էր մարտ վարողների և մարտական հերթապահություն իրականացնողների վստահությունը։

Հայկ Պետրոսյան, ով ստեղծում էր կարևոր կոմունիկացիաներ պետական տարբեր կառույցների հետ՝ ստորաբաժանումը զինելու և տեխնիկապես ապահովելու համար։

Անդրանիկ Միքայելյան, որ Գերմանիայից եկավ նստեց Բերձորում՝ մեր թիկունքի կազմակերպմանն օգտակար լինելու համար։ Էդուարդ Առաքելյան, որի կապերի շնորհիվ ստանում էինք տեխնիկական միջոցներ։

Սա պատերազմի ու մեր ստորաբաժանման մասին իմ վերջին գրառումը կլինի։ Ժամանակն է զբաղվել հետպատերազմյան վերականգմամբ։ Շատ ենք արյունահոսել, անդամահատվել, բայց այնուամենայնիվ ոտի կանգնել ու հզորանալ է պետք։ Այլ բանաձև չկա»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել