Դատարանը հաշվի է առել այն, որ երեխաներն առավելապես կապված են հոր հետ

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 11.05.2012թ. վճռով բավարարվել է Արամ Մնոյանի (անուն, ազգանունը փոխված է) հայցն ընդդեմ Կարինե Մնոյանի (անուն, ազգանունը փոխված է)` երեխաների բնակության վայրը հոր բնակության վայրը որոշելու պահանջի մասին:

Այժմ անդրադառնանք գործի մանրամասներին:

Այսպես. հայցվորի պնդմամբ, ինչը հաստատվել է նաև գործում առկա ապացույցներով, պատասխանողը 2009 թվականի ապրիլի 27-ին հեռացել է տնից և երեխաներից առանձին բնակություն հաստատել ծնողների տանը` Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում:

Հեռանալուց մոտ մեկ տարի անց Կարինե Մնոյանը դիմել է դատարան` ամուսնալուծության, ալիմենտի և երեխաների խնամքն ու դաստիարակությունն ըստ իր բնակության վայրի իրականացնելու պահանջով, որի վերաբերյալ 16.04.2010 թվականին կայացվել է վճիռ: Վճիռը 2010 թվականի հուլիս ամսից մինչ օրս չի կատարվում, քանի որ երեխաները կապված են հոր հետ, նրանք բացի հորից ոչ ոքի, նույնիսկ մոր հետ, չեն ցանկանում ապրել և նման պայմաններում վճիռը հնարավոր չէ կատարել:

Երեխաները փաստացի գտնվում են հոր խնամքի տակ: Մինչ այժմ երեխաների մայրը չի փորձել երեխաներին դպրոցում կամ տանը տեսակցել, իսկ հայցվորը իր կողմից ջանք չի խնայել ընտանիքը վերականգնելու և Կարինեին տուն վերադարձնելու համար, սակայն` ապարդյուն:

Լոռու մարզի ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները բազմիցս փորձել են կատարել վճռի պահանջը, սակայն տեսնելով իրավիճակը, հնարավորություն չի ընձեռնվել իրականացնելու կատարողական գործողությունները, հաշվի առնելով երեխաների հոգեկան վիճակը: Հարցի լուծման համար հրավիրվել են Լոռու մարզպետարան, որտեղ երեխաները ոչ միայն հրաժարվել են իրենց մոր մոտ գնալ, այլ նաև ենթարկվելով բազմաթիվ սթրեսային իրավիճակների, նրանց հոգեկան վիճակն անկայուն է դարձել: Երեխաները ավելի շատ կապված են հոր հետ, նրանք շատ կապված են միյանց հետ, հայրական տատի, գյուղում իրենց միջավայրի և ընկերների հետ: Երեխաները չեն պատկերացնում, թե ինչպես կարող են թողնել իրենց հարազատ տունը, որտեղ ծնվել, մեծացել են, դպրոց են հաճախում, ունեն բազմաթիվ ընկերներ, հանկարծ թողնեն այդ ամենն ու գնան մեկ այլ գյուղ, որտեղ ապրում է իրենց մայրը, ձեռք բերեն նոր ընկերներ, նոր միջավայր, ինչպես շփվեն իրենց մայրական կողմի հարազատների հետ, որոնց նորմալ չեն ճանաչում և կապված չեն նրանց հետ:

Դատարանը, բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, գնահատելով գործում եղած յուրաքանչյուր ապացույց, գտել է, որ հայցադիմումը ենթակա է բավարարման` ստորև բերված պատճառաբանությամբ:

Համաձայն ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53 հոդվածի 3-րդ մասի` ծնողների` միմյանցից առանձին ապրելու դեպքում երեխաների բնակության վայրը որոշվում է ծնողների համաձայնությամբ: Համաձայնության բացակայության դեպքում ծնողների միջև վեճը լուծում է դատարանը` ելնելով երեխաների շահերից և հաշվի առնելով տասը տարին լրացած երեխայի կարծիքը: Ընդ որում, դատարանը հաշվի է առնում երեխայի կապվածությունը ծնողներից յուրաքանչյուրի, քույրերի ու եղբայրների հետ, երեխայի տարիքը, ծնողների բարոյական և անձնական այլ հատկանիշներ, ծնողներից յուրաքանչյուրի և երեխայի միջև գոյություն ունեցող հարաբերությունները, երեխայի դաստիարակության ու զարգացման համար պայմաններ ստեղծելու հնարավորությունը /ծնողների գործունեության /աշխատանքի/ բնույթը, նրանց գույքային ու ընտանեկան դրությունը և այլն/:

Դատարանը, հաշվի առնելով երեխաների տարիքը, երկու համայնքների խնամակալության և հոգաբարձության մարմինների եզրակացությունները, կողմերի հայտնած կարծիքները, գտնում է, որ երեխաները պետք է բնակվեն հոր` Արամ Մնոյանի հետ: Դատարանը հաշվի է առնում տասը տարին լրացած Մարինեի (անունը փոխված է) կարծիքը, ինչպես նաև այն հանգամանքը, որ ներկա պահի դրությամբ երեխաները ավելի շատ կապված են հոր հետ, ուստի հայցը ենթակա է բավարարման:

Պատասխանողը սույն վճռի դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք, սակայն նկատի ունենալով, որ բաց է թողել բողոք ներկայացնելու համար օրենքով նախատեսված մեկամսյա ժամկետը` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը վերադարձրել է այն:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել