Ադրբեջանական զինվորականները Սոթքին են մոտեցել, բանակցություններ են գնում․ Գեղամասար համայնքի ղեկավար

Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը Իրավաբան․net-հետ զրույցում հաստատել է այն տեղեկությունը, որ ադրբեջանցի զինվորականները անցել են Քարվաճառի դարպասները և մոտեցել Սոթքի ոսկու հանքին։

«Ադրբեջանական զինվորականները Սոթքին մոտեցել են, բայց խաղաղ  իրավիճակ է։ Բանակցություններ են գնում, չգիտեմ՝ ինչի շուրջ և ինչպես դա կավարտվի։ Բայց որ իրենք եկել են, առաջացել են, դա այդպես է։ Ադրբեջանցիները Քարվաճառի դարպասներից առաջ են անցել, հասել են Սոթքի ոսկու հանքի տարածք»,-նշում է Ավետյանը։

Համայնքի ղեկավարի խոսքով՝ անվտանգությունից ելնելով՝ հանքի աշխատողները տարածքը լքել են․ «Մնացել եմ միայն զինվորները, որպեսզի հասկանան, թե ինչ է լինելու։ Ոչ թե փախել են աշխատողները, այլ լքել են տարածքը։ Պարզ է, որ այդ պահին այդտեղ ներկա չպետք է լինեն»։

Ավետյանի խոսքով՝ հավանական է, որ սահմանի հետ կապված հարցերն են կարգավորվում։

Նշենք, որ Սոթքը Գեղամասար համայնքի կենտրոնն է։

Պաշտպանության նախարարությունը ավելի վաղ նման հայտարարություն էր արել․ «Տարբեր լրատվամիջոցներով շրջանառվող լուրերը, թե ադրբեջանցի զինվորականներ են ներխուժել Սոթքի ոսկու հանքավայր և աշխատակիցներից պահանջել ազատել տարածքը` չեն համապատասխանում իրականությանը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել