Այսօր հետախույզի օրն է

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, զինված ուժերի տոնացույցի համաձայն, ՊԲ-ի հետախույզներն ու հատուկ նշանակության ջոկատայինները ավանդաբար նշում են իրենց մասնագիտական տոնը: Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Ինչպես ադրբեջանա-արցախյան 1-ին պատերազմի և ապրիլյան դիմակայության օրերին, այնպես էլ սեպտեմբերի 27-ին վերսկսված և առայսօր շարունակվող պատերազմական գործողությունների ընթացքում, բանակի հետախույզներն ու հատուկ նշանակության ջոկատայինները անմնացորդ նվիրումով, անձնազոհաբար ու որ ամենակարևորն է՝ պատրաստության գերազանց մակարադակով, ճակատային գծի՝ անխտիր բոլոր ուղղություններում իրականացրել ու շարունակում են կատարել մեծ բարդության հատուկ գործողություններ՝ հսկայական մարդկային ու ռազմատեխնիկական կորուստներ պատճառելով թշնամական ուժերին:

ՊԲ-ի կողմից իրականացված ու հանրության դատին ներկայացված բազմաթիվ հաջողված գործողությունների հետևում հենց հետախուզական ու հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն են՝ պահեստազորից համալրված իրենց ավագ զինակիցների հետ միասին:

Տասնյակ հետախույզներ ու հատուկ նշանակության ջոկատայիններ, որոնց անունները և կատարած գործողությունները ենթակա չեն հրապարակման, ներկայացված են պետական բարձր պարգևների:

Ցավոք, պատերազմական գործողությունների ընթացքում զորատեսակի մի շարք ներկայացուցիչներ արիաբար մարտնչելով անմահացել են, սակայն նրանց ընկերները շարունակում են ամեն օր հերոսական նոր դրվագներ կերտելով բարձր պահել հետախույզի անունն ու պատիվը և իրենց անուրանալի նպաստը բերել թշնամական ուժերի վերջնական ջախջախման գործին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել