ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել, որում նշվում է․
«Հարգելի՛ հայրենակիցներ
Ռազմական դրության պայմաններում սահմանված կարգով իրականացվող կցագրումների, անհրաժեշտ հավաքագրումների, կամավորագրումների, ինչպես նաև դեպի Արցախի Հանրապետություն՝ համապատասխան անձանց տեղաշարժը կազմակերպելու, վերջիններիս պատշաճ դիմավորման, տեղակայման, զորահավաքային զինծառայողների ծառայության կազմակերպման, ամրակցված զենքի ու ռազմամթերքի կիրառման կանոնների պահպանման, նրանց նյութական ապահովվածության, մարտական ծառայությունը վերահսկելու, ինչպես նաև զորամասերի մարտական պատրաստականության բերման պլանով նախատեսված աշխատանքների նկատմամբ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, շարունակում է իրականացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիշյալ գործընթացների մասով, առանձին դեպքերի հետ կապված, ստացվում են բացթողումների կամ իրավախախտման հատկանիշներ մատնանշող որոշակի փաստական տվյալներ՝ խնդրում ենք համապատասխան ուղղություններում արձանագրված անցանկալի դրսևորումների վերաբերյալ բացառապես հավաստի և հստակ տեղեկություններ ունենալու դեպքում կապ հաստատել ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում այդ նպատակով գործող՝ 015579342 հեռախոսահամարով»: