Փաշինյանն ԱՄՆ-ից արձագանք է ակնկալում Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման հարցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնկալում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարձագանքեն Ադրբեջանի կողմից հրադադարի խախտմանը՝ մատնանշելով, թե ում գործողությունների արդյունքում է խախտվել հրադադարը և ինչ հետևանքներ են լինելու հրադադարը խախտողի համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանն ասաց հոկտեմբերի 26-ին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերի ընթացքում:

«Հիմա արդեն պարզ է, որ հերթական անգամ չստացվեց հրադադարը պահպանել: Պետք է իմանաք, որ հայկական կողմն ամեն ինչ արել է, որպեսզի հրադադարը պահպանվի: ՊԲ-ն առավոտից շատ զսպված է եղել, այնուամենայնիվ, օրվա երկրորդ կեսին հրադադարը չի պահպանվել: Չգիտենք, թե ԱՄՆ նախագահն ինչպես կարձագանքի հրադադարի ձախողմանը, բայց կեսգիշերն անց հեռախոսազրույց եմ ունեցել Պետքարտուղար Պոմպեոյի հետ, ասել եմ` քանի որ սա իրենց համար առաջին հրադադարն է, իսկ մեզ համար երրորդը, կարող եմ մոտավոր կանխատեսել, թե ինչ է տեղի ունենալու վաղը: Ասել եմ, որ մեծ հավանականությամբ չի պահպանվի հրադադարն ու, մեծ հավանականությամբ, Ադրբեջանը կասի, որ Հայաստանն է մեղավորը»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ հարցրել է ԱՄՆ Պետքարտուղարին, թե ինչպես են պարզելու, թե ո՞վ է խախտել հրադադարը և ի՞նչ հետևանքներ են լինելու այն խախտողի համար:

«Կոռեկտ չեմ համարում ասել, թե ինչ է պատասխանել պարոն Պոմպեոն: Հույս ունեմ, որ ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչը կպատասխանի հարցին` արդյոք իրենք պարզեցին, թե ում գործողությունների արդյունքում է խախտվել հրադադարը, եթե պարզեցին` ի՞նչ հետևանքներ է ունենալու խախտած կողմի համար»,- նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ դեռ հույս ունի, որ արդյունք կտան ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների ջանքերը:

«Պատկերացնո՞ւմ եք մի իրավիճակ, երբ ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիայի նախագահների հրադադար հաստատելու ջանքերն անցնում են ապարդյուն: Երեք նախագահներն ամենայն անկեղծությամբ են ուզում, որ հրադադարը հաստատվի: Տերությունների ղեկավարներն իրենց անունն են դնում այդ հրադադարի ջանքերի տակ: Եթե ՌԴ-ն, ԱՄՆ-ն, Ֆրանսիան չեն կարողանում հրադադար հաստատել այս հակամարտության գոտում, սա նշանակում է, որ մենք հենց հիմա ապրում ենք լրիվ ուրիշ աշխարհում ու պետք է հասկանանք, թե ինչ է իրենից ներկայացնում այս աշխարհը: Դեռ հույս ունենք, որ երեք նախագահների ջանքերը կոնկրետ արդյունքներ կտան, բայց, որ այս պահին ունենք այս իրավիճակը, փաստ է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հոկտեմբերի 26-ի առավոտյան 08։00-ից ուժի մեջ էր մտել ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված կրակի դադարեցման համաձայնությունը։ Ադրբեջանական կողմը, ժամը 08:45-ի սահմաններում, կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը, հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը հրադադարը խախտել է նաև 09:10-ի սահմաններում` թիրախավորելով հարավարևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով հինգ հրետանային արկ:

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երկու անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի միջնորդությամբ կրկին հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է այն, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել