Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի Հանրապետության Դաշնային նախագահ Ալեքսանդեր Վան դեր Բելլենին՝ երկրի ազգային տոնի առթիվ:
Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության մամուլի հաղորդագրությունից:
Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ հայ-ավստրիական կայուն փոխգործակցությունը երկկողմ և բազմակողմ մակարդակներում կշարունակի ամրապնդվել և ընդլայնվել՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների։
«Հայաստանի և Արցախի համար այս դժվարին պահին, երբ մեր ժողովուրդը մարտնչում է կյանքի և ազատության համար, Ավստրիան վերստին արտահայտեց իր հստակ և աներկբա աջակցությունը Հայաստանին, Արցախին և հայ ժողովրդին:
Երախտագիտությունս եմ հայտնում Ձեզ և Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի և բանակցությունների հարթակ տրամադրելու պատրաստակամության համար:
Բարձր ենք գնահատում նաև Ավստրիայի խորհրդարանի՝ ղարաբաղյան հակամարտությանը Թուրքիայի ռազմական միջամտությունը և Ադրբեջանին զենք մատակարարելու գործընթացը դատապարտող բանաձևի համար»,- մասնավորապես ասվում է նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում: