ԲԴԽ-ն կոչով դիմել է ԵՄ դատական խորհուրդների միությանը․
«Հարգելի՛ պարոն Դոնատի և գործընկերներ
Դիմում ենք ձեզ՝ համոզված լինելով, որ դուք պետք է տեղեկացված լինեք այն աղաղակող և դատապարտելի իրադարձությունների մասին, որոնք ներկայումս ծավալվում են Արցախում (Լեռնային Ղարաբաղում), քանի որ դրանք աննախադեպ են մինչ այժմ մարդկության կողմից ընդունված և մարդկային քաղաքակիրթ գոյությունն ապահովող միջազգային իրավունքի նորմերի խախտումների ծավալներով, կոպտությամբ և դրսևորման ցինիզմով։
Ցանկացած պատկերացումից դուրս է, որ ժամանակակից աշխարհում տեղի է ունենում էթնիկ բնակչության բնաջնջման անթաքույց փորձ և Արցախում (Լեռնային Ղարաբաղում) ապրող հայերի կյանքի իրավունքի խախտում:
Թուրքիայի լիարժեք աջակցությամբ`Ադրբեջանի քաղաքական ղեկավարության կողմից նախօրոք պլանավորված լայնածավալ ռազմական ագրեսիայի սանձազերծումը հետապնդում է հստակ ցեղասպան նպատակներ: Աշխարհի աչքի առջև Արցախի (Լեռնային Ղարաբաղի) խաղաղ բնակչության նկատմամբ օգտագործվում են միջազգային հումանիտար իրավունքի նորմերով արգելված զինատեսակներ, նենգաբար ավերվում են քաղաքներ, ոչնչացվում են մշակութային օբյեկտներ, զոհվում են անզեն մարդիկ, կանայք ու երեխաներ. փաստեր, որոնց ապացույցներն ակնհայտ են և անհերքելի։ Ադրբեջանի զինված ուժերն ավիահարվածներ են հասցրել Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցուն (կառուցված 1887թ.)` պատճառելով զգալի վնասներ, որից տուժել են խաղաղ բնակչությունը և իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողներ:
Միջազգային հանրության կողմից արդեն հաստատվել է, որ այս վայրագությունները իրականացվում են հիմնականում միջազգային ահաբեկչական կազմակերպություններից Ադրբեջան տեղափոխված հազարավոր վարձկանների միջոցով, որոնք ակնհայտորեն գործում են Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարության հովանավորչությամբ։
Ահաբեկչությունը չունի ազգային, կրոնական, սոցիալական նկարագիր, ահաբեկչության դեմ պայքարն առաջնահերթություն է բոլոր քաղաքակիրթ երկրներում: Այդուհանդերձ, ահաբեկչությունից ապահովագրված չէ և ոչ մի երկիր։ Դատական իշխանություններն ամբողջ Եվրոպայում կարևոր դերակատարություն ունեն ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարում:
Մենք հավատում ենք, որ մեր գործընկերները ողջ Եվրոպայում չպետք է լուռ դիտորդի կարգավիճակով հետևեն թուրք-ադրբեջանական միլիտարիստների կողմից եվրոպական ընտանիքի մաս հանդիսացող հայ ազգի և նրա կողմից հազարամյակների ընթացքում ձևավորած եզակի մշակութային ժառանգության ոչնչացման անթաքույց փորձին:
Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ ատելության հողի վրա հանցագործություններ կատարողների փառաբանումը, քաղաքական առաջնորդների, կրթական հաստատությունների և լրատվամիջոցների կողմից ատելության խոսքի համակարգային օգտագործումը փաստվել է միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի և «Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին» շրջանակային կոնվենցիայի խորհրդատվական հանձնաժողովի կողմից:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2020թ.-ի հոկտեմբերի 6-ին բավարարել է ՀՀ կառավարության պահանջը և կիրառել է միջանկյալ միջոց՝ կոչ անելով ուղղակի կամ անուղղակի ներգրավված բոլոր երկրներին, այդ թվում՝ Թուրքիային, զերծ մնալ քաղաքացիական բնակչության՝ Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքները խախտելուց։
Ձեր ուշադրությունն ենք հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ չնայած հոկտեմբերի 10-ին հումանիտար հրադադարի մասին ձեռքբերված համաձայնությանը՝ Ադրբեջանը շարունակել է անդադար ռմբակոծել և հարձակվել խաղաղ բնակավայրերի վրա՝ վիրավորելով և սպանելով քաղաքացիական անձանց:
Այլևս ակնհայտ է, որ այս փոքր տարածքում ահաբեկչության հաղթանակը հղի է վտանգավոր հետևանքներով ինչպես տարածաշրջանի, այնպես էլ Եվրոպայի և ողջ քաղաքակիրթ աշխարհի համար։
Կոչ ենք անում ձեռնարկել անհապաղ քայլեր դատապարտելու թուրք-ադրբեջանաահաբեկչական ագրեսիան ու վայրագությունները և ձեր ներդրումն ունենալ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովրդի դեմ սանձազերծված ցեղասպան պատերազմի անհապաղ դադարեցման գործում»: