ՄԻԵԴ-ն Ադրբեջանից պահանջում է պատժել Սաֆարովին և դադարեցնել հայատյաց քաղաքականությունը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բացառել է Մեծ պալատի կողմից ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի գործով վճռի վերանայման հնարավորությունը։ Այդպիսով՝ ՄԻԵԴ վճռի կատարումը պահանջելու է, որ Ադրբեջանը պատժի մարդասպան Սաֆարովին և դադարեցնի հայերի նկատմամբ ռասիստական քաղաքականությունը։

Այս մասին հայտնում է Սաֆարովի ձեռքով սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի ընտանիքի իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

«Այն պարտադիր է բոլորի, այդ թվում՝ արտաքին քաղաքական դերակատարների համար։ Նման բովանդակությամբ միջազգային դատական ակտի առկայությունն ադրբեջանական ոտնձգություններից հայերի պաշտպանությունն ապահովող իրավական լուրջ երաշխիք է, որն ըստ էության բացառում է նաև Արցախի բնակչության անվտանգությունը կասկածի տակ դնող ցանկացած լուծում»:

Սահակյանի փոխանցմամբ՝ այս վճիռն արդեն վերջնական է, չի կարող բեկանվել կամ որևէ կերպ կասկածի տակ դրվել։

ՄԻԵԴ-ը համոզիչ էր համարել, որ սպանությունը կատարվել է էթնիկ ատելության հողի վրա, և Ադրբեջանը՝ Սաֆարովի զինվորական կոչումը և աշխատավարձը բարձրացնելով, հերոսացնելով և ներում շնորհելով, խախտել է ազգությամբ Մարգարյանի և Մակուչյանի կյանքի իրավունքը։ Դատարանը նաև արձանագրել էր, որ Ադրբեջանի գործողությունները կապ ունեն զոհի հայկական ծագում ունենալու հետ։

2004-ի փետրվարի 19-ին Բուդապեշտում Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել էր Մարգարյանին: Երկու սպան էլ մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Հայ մյուս սպային սպանելու ոճրագործի փորձը ձախողվել էր: 2006թ. ապրիլի 13-ին Բուդապեշտի դատարանը Սաֆարովին դատապարտել էր ցմահ ազատազրկման` առանց 30 տարի ներման իրավունքի: Սակայն 2012թ. օգոստոսի 31-ին Հունգարիայի կառավարությունը Սաֆարովին արտահանձնել էր Ադրբեջան, որտեղ նրան ազատել էին, մեծարել իբրև ազգային հերոսի, կոչումը բարձրաձրել, բնակարան և նպաստ հատկացրել: Նույն օրը Հայաստանը հայտարարել էր Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին:

2020-ի մայիսի 26-ի վճռով եվրոպական դատարանը պատմության մեջ առաջին անգամ արձանագրել էր Ադրբեջանում հայաֆոբիա երևույթի առկայությունը՝ Գուրգեն Մարգարյանի և Հայկ Մանուչարյանի իրավահաջորդների ներկայացրած գործի շրջանակում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել