Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը ԵԽԽՎ ընդլայնված նիստում անդրադարձել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` իր ելույթում Վարդանյանը նշել է, որ Արցախի ժողովուրդը կանգնած է ցեղասպանության վտանգի առաջ:
«Կարծո՞ւմ եք, որ 3 միլիոնանոց հայերը Արցախի հետ միասին ագրեսիա են սկսել 8 միլիոնանոց Ադրբեջանի և 80 միլիոնանոց Թուրքիայի դեմ: Յուրաքանչյուր տարաձայնություն պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Արցախի ժողովուրդն այժմ կանգնած է ցեղասպանության զոհ դառնալու վտանգի առջև, որովհետև Արցախի բոլոր քաղաքները ծանր հրետակոծության են ենթարկվում, բազմաթիվ անմեղ մարդիկ են մահացել, խաղաղ բնակչությունը հարձակման է ենթարկվում, միջազգային լրագրողները հարձակման են ենթարկվում: Մենք գործ ունենք միջազգային ագրեսորի հետ, որին սատարում է Թուրքիան»,- ասել է Վարդանյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 11-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 18 ինքնաթիռ, 168 անօդաչու թռչող սարք, 510 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 4919 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 525 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 25 քաղաքացիական անձ, վիրավորվել է 102 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։