Ռուսաստանի դերը մնում է չափազանց կարևոր ռազմական գործողությունները դադարեցնելու առումով․ Զոհրաբ Մնացականյան

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի խոսքը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը.

«Շատ շնորհակալ եմ, Սերգեյ Վիկտորովիչ: Շնորհակալ եմ, որ մենք կարողացանք պահպանել Մոսկվայում այս պաշտոնական այցի իրականացման մտադրությունները, մեր ծրագիրը: Շատ ուրախ եմ լինել այստեղ՝ Մոսկվայում, չնայած որ երկու օր առաջ մենք բավականին երկար բանակցություններ ենք անցկացրել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության նվազեցման և կրակի դադարի հաստատման ուղղությամբ որևէ հաջողության հասնելու նպատակով:

Իհարկե մենք այսօր հնարավորություն ունենք անդրադառնալու մեր փոխհարաբերություններին` բոլոր ուղղություններով: Մենք մեծ կարևորություն ենք տալիս հանդիպումների դինամիկայի պահպանմանը: Մենք այժմ հանդիպում ենք պաշտոնական այցի շրջանակներում կամ ձևաչափով, միևնույն ժամանակ շնորհակալ եմ, որ մենք ունենք մշտական կապ բոլոր ուղղություներով՝ և ղեկավարների մակարդակով, և մեր նախարարությունների մակարդակով, և մեր համապատասխան գործընկերների՝ այլ ուղղություններով գերատեսչությունների մակարդակով:

Եվ իհարկե, մենք ունենք բավական ընդարձակ օրակարգ, մենք ունենք խորը փոխգործակցություն, որի ձևաճաչերը բավական ընդգրկուն են: Մենք միասին աշխատում ենք միջազգային հարթակներում, ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում, Եվրասիական տնտեսական միությունը, ՀԱՊԿ-ը. այս ամենը ներկայացնում են մեր երկխոսության օրակարգը:

Որևէ այլ պայմաններում մենք դեռ երկար կարող էինք խոսել մեր դաշնակցային հարաբերությունների մասին, սակայն հիմնական ուշադրությունը կենտրոնացած է այն իրավիճակի վրա, որն արդեն իսկ իրական սպառնալիք է դարձել մեր ամբողջ տարածաշրջանի համար։ Այն, ինչին այսօր բախվում են Արցախի մեր հայրենակիցները, համարվում է էքզիստենցիալ սպառնալիքի մարմնավորում, որը հասունացել է այս մի քանի տասնամյակների ընթացքում և որի մասին մենք անընդհատ խոսել ենք:

Մենք կարողացանք հասնել որոշակի արդյունքի շնորհիվ Ձեզ, Սերգեյ Վիկտորովիչ, շնորհիվ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անմիջական ներգրավվածության: Մեզ հաջողվեց համաձայնեցնել համատեղ հայտարարություն նախարարական մակարդակով կրակի դադարեցման վերաբերյալ: Մենք շատ բարձր ենք գնահատում Ձեր անձնական ներդրումը, ՌԴ ներդրումը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ներդրումը հանուն նրա, որ մենք հասնենք այսպիսի արդյունքի:

Այսօր մեզ անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները: Դրանում Ռուսաստանի դերը մնում է չափազանց կարևոր:

Ցավոք, այս պահին մենք չենք կարող փաստել, որ գործնականում ունենք հրադադարի ռեժիմի լիարժեք պահպանում, և անգամ այստեղ ժամանելուն զուգահեռ շարունակում ենք տեղեկություններ ստանալ, որ Ադրբեջանը չի իրականացնում կրակի դադարեցման իր պարտավորությունները:

Եվ այս առնչությամբ ցանկանում եմ ընդգծել վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրման կարևորությունը, որոնք հնարավորություն կտան հասնելու այդ ռեժիմի հաստատմանը և պահպանմանը:

Սերգեյ Վիկտորովիչ, ես համոզված եմ, որ մենք այսօր կունենանք երկարատև, արդյունավետ և լավ զրույց։ Մենք ունենաք բավականին մեծ օրակարգ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել