Ազգային ժողովը 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց խորհրդարանի քննարկմանը ներկայացված Կառավարության հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում» լրացում կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Հիմնական զեկուցող արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով` օրենսդրության վերլուծությունը ցույց է տալիս, որ ռազմական դրության ընթացքում միջոցառումներն ապահովելու տեսանկյունից մի շարք իրավահարաբերություններ կարգավորված չեն, ուստի նախագծերի փաթեթով առաջարկվում է ամբողջականացնել եւ հստակեցնել ռազմական դրության իրավական ռեժիմը խախտելու դեպքում պատասխանատվության միջոցների շրջանակը:
Օրենսդրական փոփոխությամբ, մասնավորապես, առաջարկվում է ռազմական դրության իրավական ռեժիմի բովանդակությունը կազմող, օրենքով նախատեսված սահմանափակումների չպահպանման կամ միջոցառումների խախտման համար նախատեսել վարչական պատասխանատվության միջոցներ: Միաժամանակ, առավել մեծ հանրային վտանգավորություն ունեցող արարքների դեպքում նախատեսվում են քրեական պատասխանատվության միջոցներ, եթե դրանք առաջացրել են մարդու մահ կամ այլ ծանր հետեւանքներ: Քրեական պատասխանատվություն է նախատեսվում նաեւ ռազմական դրության իրավական ռեժիմի կանոնների խախտման արդյունքում կասեցված գործունեության իրականացումը շարունակելու համար: Քրեական դատավարության օրենսգրքում կատարվող լրացմամբ առաջարկվում է սահմանել լրացվող հանցակազմերով քրեական գործերի քննչական ենթակայությունը: Միաժամանակ, հաշվի առնելով ռազմական դրության պայմաններում ընդունված վարչական ակտերի անհապաղ կատարման անհրաժեշտությունը՝ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսվում է, որ դրանց՝ վարչական դատարան բողոքարկումը չի կասեցնում վարչական տույժ նշանակելու վերաբերյալ վարչական ակտի կատարումը:
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրել է Տարոն Սիմոնյանը: Պատգամավորը նշել է, որ օրենսդրական փաթեթում որոշ դրույթներ խնդրահարույց են, ունեն հստակեցման կարիք: Նա հույս է հայտնել, որ մասնագիտական քննարկման արդյունքում, դրանք կշտկվեն: Խմբակցությունը մտավախություն ունի նաեւ, որ օրինագծով մասնավորապես, սահմանափակվում է պատգամավորների` գերատեսչությունների աշխատանքներին ուղղված քննադատությունների իրավունքը:
Խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության անունից ելույթ է ունեցել Անդրանիկ Քոչարյանը: Բանախոսը տեղեկացրել է, որ առաջին անգամ է երկիրը գտնվում իրավական ամենախիստ` ռազմական դրության փուլում: Կարեւորելով օրենսդրական փաթեթի անհրաժեշտությունը` պատգամավորն ընդգծել է, որ օրենսդրական փաթեթով փորձ է արվում ապահովել ներքին կայունությունը:
Ռուստամ Բադասյանը նշել է, որ բերված կարգավորումները ինքնանպատակ չեն, դրանցով չեն սահմանափակվում պաշտոնատար անձանց, այդ թվում նաեւ պատգամավորների ազատ արտահայտման իրավունքները:
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ազգությամբ ասորի պատգամավոր Արսեն Միխայլովն իր ելույթում հայտնել է, որ այս դժվարին պահին, ինչպես եւ միշտ, ասորական համայնքը հայ ժողովրդի կողքին է: «Ամբողջ աշխարհի ասորական հանրությունն իր ձայնն է բարձրացրել ու սատարել է հայ ժողովրդին այս դժվարին օրերին: Մենք միշտ միասնական ենք, միասնական կլինենք ու միշտ հաղթելու ենք»,- ասել է Արսեն Միխայլովը: Պատգամավորը նաեւ տեղեկացրել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի ասորական համայնքների կողմից մոտ 6 հազար դոլար է փոխանցվել արցախցիների ու զինվորների կարիքներին ուղղված հիմնադրամին:
Խորհրդարանն այնուհետեւ քննարկել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում» լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող Հերիքնազ Տիգրանյանը նշել է, որ օրինագծով առաջարկվող կարգավորման նպատակը հայրենիքի առջեւ իրենց պարտքը կատարող անձանց աշխատանքային հարաբերություններում որոշակի երաշխիքներ նախատեսելն է: Ներկայացված նախագծով, մասնավորապես, առաջարկվում է հստակ սահմանել, որ զինվորական հաշվառման պարտականություններ կատարելու, զորակոչային տեղամասերի կցագրվելու, ինչպես նաեւ վարժական հավաքների, զինվորական վարժանքների կամ զորավարժությունների մասնակցելու ընթացքում պետք է պահպանվի աշխատողի աշխատատեղը (պաշտոնը):
Նախագծի ընդունմամբ միաժամանակ կապահովվի ռազմական դրություն հայտարարված լինելու ժամանակահատվածում պետական եւ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների աշխատանքի անխափան իրականացումը` հնարավորություն տալով վերջիններիս անհրաժեշտության դեպքում հետ կանչել արձակուրդում գտնվող աշխատողներին` առանց վերջիններիս համաձայնությունը նախապես ստանալու:
Հարակից զեկույցում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Ռուբեն Սարգսյանը, կարեւորելով օրենքի նախագծի անհրաժեշտությունը, ընդգծել է, որ դրա ընդունումը խիստ կարեւոր է նաեւ նախարարության համար:
Ելույթներում պատգամավորները եւս դրական գնահատականներ են հնչեցրել ներկայացված օրենքի նախագծի վերաբերյալ:
ԱԶգային ժողովի կողմից 2 նախագծերն էլ ընդունվեցին։