Ազգային ժողովում այսօր՝ հոկտեմբերի 9-ին, քննարկվում է «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Հարցը օրենսդիրի անդամներին ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ առաջարկվող կարգավորման նպատակը ռազմական դրություն հայտարարվելու հանգամանքով պայմանավորված աշխատանքային հարաբերություններում առաջացող մի շարք հարցերի կարգավորմումն ու եղած դրույթների առավել հստակեցումն է: Առաջարկվող կարգավորման նպատակը նաև հայրենիքի առջև իրենց պարտքը կատարող անձանց աշխատանքային հարաբերություններում որոշակի երաշխիքներ նախատեսելն է:
Նախատեսվում է․
124-րդ հոդվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ ««Աշխատանքային հարաբերությունների կարգավորումը` կապված զինվորական ծառայության անցնելու եւ կամավորական հիմունքներով մարտական գործողությունների մասնակցելու հետ»։
Այժմ – Աշխատանքային հարաբերությունների կարգավորումը` կապված զինվորական ծառայության անցնելու հետ
2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Զինվորական հաշվառման պարտականություններ կատարելու, վարժական հավաքների, զինվորական վարժանքների, զորավարժությունների մասնակցելու կամ զորահավաքային զինվորական ծառայության զորակոչվելու ընթացքում աշխատողի հետ աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են օրենքով սահմանված կարգով»։
Այժմ – Զինվորական հաշվառման պարտականություններ կատարելու, զորակոչային տեղամասերի կցագրվելու և վարժական հավաքների կանչվելու ընթացքում աշխատողի հետ աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են օրենքով սահմանված կարգով
Դոդվածին կավելացվի նոր 2 կետ․
«3. Զորահավաքային զինվորական ծառայություն իրականացնելիս, ինչպես նաեւ որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (կամավորական)` կամավորական հիմունքներով Հայաստանի Հանրապետության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կամ պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելիս աշխատողն ազատվում է աշխատանքային պարտականությունների կատարումից` պահպանելով աշխատատեղը (պաշտոնը):
4.Սույն հոդվածի 3-րդ մասի սահմանված դեպքում աշխատանքային պարտականությունների կատարումից աշխատողն ազատվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի տրամադրած` զորահավաքային զորակոչի կանչվելու վերաբերյալ ծանուցման կամ կամավորական հիմունքներով պաշտպանությանը ներգրավելու մասին տեղեկանքի հիման վրա, իսկ աշխատանքային պարտականությունների կատարումից ազատված ժամանակահատվածի համար աշխատողի վարձատրությունը որոշվում է կողմերի համաձայնությամբ կամ կոլեկտիվ պայմանագրով, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ»:
Աշխատանքային օրենսգրքի 138-րդ հոդվածի (Աշխատաժամանակի կառուցվածքը) 2-րդ մասի 2-րդ կետում «զորակոչային տեղամասերին կցագրվելու, վարժական հավաքներին մասնակցելու և ժամկետային» բառերը կփոխարինվեն «վարժական հավաքներին, զինվորական վարժանքներին կամ զորավարժություններին մասնակցելու, ինչպես նաեւ ժամկետային պարտադիր կամ զորահավաքային» բառերով:
Օրենսգրքի 166-րդ հոդվածը՝ Ամենամյա արձակուրդից հետ կանչելը, կշարադրվի հետեւյալ նոր խմբագրությամբ.
1. Ամենամյա արձակուրդից հետ կանչել թույլատրվում է միայն աշխատողի համաձայնությամբ, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:
2. Ռազմական դրություն հայտարարվելու դեպքում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց ենթակա կազմակերպությունների, ինչպես նաեւ ռազմական դրությամբ պայմանավորված որեւէ ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի կառավարմանն անցած կազմակերպությունների ու հիմնարկների (անկախ սեփականության ձեւից) աշխատողներին ամենամյա արձակուրդից հետ կանչելիս աշխատողի համաձայնությունը չի պահանջվում:
3. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված դեպքերում ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը տրամադրվում է սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերին համապատասխան:
Մանրամասները՝ տեսանյութում