Պատիժներ ու տուգանքներ են նախատեսվում՝ ռազմական դրությամբ պայմանավորված․ 1․5 միլիոն դրամի տուգանք, մինչև 6 տարի ազատազրկում

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել, օրակարգում 2 հարց է։

Նախատեսվում է լրացումներ կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ, Քրեական օրենսգրքում, Վարչական դատավարության օրենսգրքում, Քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարել։

Հարցը օրենդիրի անդամներին ներկայացրեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Նախագծերի հիմնավորման մեջ նշվում են, որ ռազմական դրության իրավական ռեժիմի հետեւողական պահպանման կարեւորագույն երաշխիքներից է ռազմական դրության բովանդակությունը կազմող միջոցառումների խախտմանը կամ սահմանափակումների չպահպանմանը համաչափ սանկցիաների նախատեսումը, որոնք կոչված են երաշխավորելու ռեժիմի արդյունավետ պահպանությունը:  Նախագծերի փաթեթով առաջարկվում է ռազմական դրության իրավական ռեժիմի բովանդակությունը կազմող, օրենքով նախատեսված սահմանափակումների չպահպանման կամ միջոցառումների խախտման համար նախատեսել վարչական պատասխանատվության միջոցներ:

Նախատեսվում է լրացումներ կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում։

Օրենքի 23-րդ հոդվածը, որը վարչական տույժերի տեսակների մասին է, կլրացվի նոր 7.1 կետով, կսահմանվի որպես վարչական տույժ գործունեության կասեցումը։

Օրենսգրքում նոր հոդվածներ կավելանան՝ հետևյալ բովանդակությամբ․

Հոդված 31.1 Տնտեսական գործունեության կասեցումը

1. Տնտեսական գործունեության կասեցումը տնտեսական գործունեության ժամանակավոր դադարեցումն է:

2. Տնտեսական գործունեության կասեցումը կարող է նշանակվել 1-3 ամիս ժամկետով:

Հոդված 182-5 Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող կանոնները խախտելը

1. Ռազմական դրություն հայտարարված տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումը կամ տարածք մուտք գործելու եւ տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմը խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 200 000 – 300 000 դրամի չափով:

2. Ֆինանսատնտեսական գործունեության առանձին տեսակների, ներառյալ՝ ծառայությունների մատուցման, ապրանքների եւ ֆինանսական միջոցների շրջանառության սահմանափակումները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 500 000 – 1 000 000 դրամի չափով:

3. Սահմանված` սննդամթերքի, դեղորայքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման եւ շրջանառության հատուկ կարգը խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` 500 000 – 1 000 000 դրամի չափով:

4. Պարետային ժամի սահմանման դեպքում առանց անձը հաստատող փաստաթղթերի եւ հատուկ թույլտվությունների փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու արգելքը խախտելը կամ սահմանված այլ կանոնները խախտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` 100 000 – 200 000 դրամի չափով:

5. Լրատվական գործունեություն իրականացնողի կողմից ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման գործող կանոնները խախտելը, լրագրողի կողմից հավատարմագրման հատուկ կարգը չպահպանելը, կապի միջոցներից օգտվելու հատուկ կանոնները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում` առաջացնում է տուգանքի նշանակում` 700 000 – 1 000 000 դրամի չափով:

6. Լրատվական գործունեություն չիրականացնող անձանց կողմից ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման գործող կանոնները խախտելը կամ կարծիքի արտահայտման ազատության սահմանափակման կանոնները խախտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` 300 000 – 700 000 դրամի չափով:

7. Սույն հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերով նախատեսված տույժերին ենթարկվելուց հետո՝ անհապաղ, ռազմական դրության ընթացքում սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնների խախտմամբ տարածված հրապարակումը չվերացնելը`առաջացնում է տուգանքի նշանակում`  1 500 000 դրամի չափով:

8. Զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ եւ թունավոր նյութերի, հատուկ միջոցների վաճառքի սահմանափակումը կամ արգելքը խախտելը, թմրեցնող, հոգեմետ, ուժեղ ներգործող նյութեր պարունակող դեղագործական միջոցների եւ պրեպարատների, էթիլային սպիրտի, ալկոհոլային խմիչքների, սպիրտ պարունակող արտադրանքի շրջանառության հատուկ ռեժիմը խախտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` 500 000 – 1 000 000 դրամի չափով:

9. Պաշտպանական, քաղաքացիական պաշտպանության միջոցառումների, վթարավերականգնողական եւ այլ անհետաձգելի աշխատանքներին սահմանված կարգով ներգրավումից աշխատունակ անձի հրաժարվելը կամ տրանսպորտային միջոց տրամադրելուց հրաժարվելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` 300 000 – 500 000 դրամի չափով:

10. Ռազմական դրության ժամանակ գործադուլներ եւ հավաքներ կազմակերպելը, անցկացնելը եւ դրանց մասնակցելը, կազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառումների արգելքը խախտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` 400 000 – 700 000 դրամի չափով:

11. Կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձեւից) կողմից Հայաստանի Հանրապետության տնտեսության, պաշտպանության եւ բնակչության կենսագոյության համար հատուկ նշանակություն ունեցող արտադրանքի թողարկման (ներառյալ` դեղերի եւ բժշկական նշանակության ապրանքների արտադրման ու ներմուծման) առաջնահերթ կատարման ենթակա առաջադրանքները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` 500 000 – 1 000 000 դրամի չափով:

12. Ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող մարմինների գործունեությանը խոչընդոտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի 200 000 – 500 000 դրամի չափով:

13. Ռազմական դրության գործողության ընթացքում սահմանված այլ միջոցառումները եւ սահմանափակումները խախտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` 100 000 – 300 000 դրամի չափով:

14. Սույն հոդվածով սահմանված արարքներից որեւէ մեկը (բացառությամբ սույն հոդվածի 15-րդ մասով նախատեսված արարքների) վարչական տույժ նշանակելու օրվանից հետո կրկին կատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` նախկինում նույն արարքի համար նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով:

15. Կազմակերպության կողմից սույն հոդվածի 2-րդ, 3-րդ, 5-րդ, 8-րդ 11-րդ  մասերով նախատեսված արարքներից որեւէ մեկը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո կրկին կատարելը՝ առաջացնում է տնտեսական գործունեության կասեցում՝ 1-3 ամիս ժամկետով, սակայն ոչ ավելի, քան մինչեւ ռազմական դրության իրավական ռեժիմի ավարտը:

Լրացումներ են նախատեսվում Քրեական օրենսգրքում։ Կլրացվեն հետևյալ հոդվածները․

Հոդված 307.1 Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող միջոցառումները եւ ժամանակավոր սահմանափակումները խախտելը

Ռազմական դրության գործողության ընթացքում սահմանված միջոցառումները եւ ժամանակավոր սահմանափակումները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանքներ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով:

Հոդված 307.2 Ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող մարմինների եւ ուժերի գործունեությանը խոչընդոտելը

1. Ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող մարմինների եւ ուժերի գործունեությանը խոչընդոտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանքներ պատժվում է ազատազրկմամբ՝ մինչեւ 6 տարի ժամկետով:

Հոդված 307.3 Ռազմական դրության իրավական ռեժիմի կանոնների խախտման արդյունքում կասեցված գործունեության իրականացումը շարունակելը

1. Ռազմական դրության իրավական ռեժիմի կանոնների խախտման արդյունքում կասեցված գործունեության իրականացումը շարունակելը պատժվում է ազատազրկմամբ՝ մինչեւ 3 տարի ժամկետով:

Հոդված 307.4 Ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման գործող կանոնները խախտելը

1. Ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման գործող կանոնները խախտելը, եթե այդ արարքը վնաս է պատճառել պետության անվտանգության շահերին պատժվում է տուգանքով՝ 200 000 – 300 000 դրամի չափով կամ ազատազրկմամբ՝ մինչև 2 տարի ժամկետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել