Այսօր, հոկտեմբերի 4-ի վաղ առավոտյան ՀՀ կառավարությունը Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս մասին հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը։
Մասնավորապես, հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական բնակչության ու օբյեկտների վրա իրականացվող միջազգային մարդասիրական իրավունքի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կոպտագույն խախտումներով զուգորդված հարձակումներին Թուրքիայի բազմատեսակ աջակցությունը և շարունակական մասնակցությունը պատերազմական գործողություններին՝ Հայաստանի Հանրապետությունը իր և Արցախի Հանրապետության անունից Եվրոպական դատարանի կանոնների 39-րդ կանոնով նախատեսված միջանկյալ միջոցի կիրառման պահանջ է ներկայացրել ընդդեմ Թուրքիայի:
Հիշեցնենք՝ ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ որոշում է կայացրել Հայաստանի առաջին դիմումի մասով: ՄԻԵԴ-ը կոչ է արել Ադրբեջանին և Հյաաստանին՝ ձեռնպահ մնալ այնպիսի միջոցների գործադրումից, որոնք կարող են առաջացնել քաղաքացիական բնակչության իրավունքների`Կոնվենցիայով նախատեսված խախտումներ: Սա նշանակում է, որ առաջիկայում Հայաստանը և Ադրբեջանը պետք է տեղեկություն ներկայացնեն ՄԻԵԴ նշված խախտումների կանխման ուղղությամբ ձեռնարկված միջոցների մասին: