Ադրբեջանը թիրախավորում է նաև ուսումնական հաստատությունները. ԿԳՄՍՆ ներկայացուցիչներն իրազեկել են միջազգային գործընկերներին

2020 թվականի սեպտեմբերի 29-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն, Միացյալ Թագավորության կառավարության աջակցությամբ, անցկացրել է Գլոբալ կրթության հանդիպման (Global education meeting) արտահերթ առցանց նստաշրջանը, որը Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի տարածաշրջանների երկրների այս տարվա առաջին խորհրդակցությունն է: Արտահերթ առցանց նստաշրջանին մասնակցել են Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի տարածաշրջանների շուրջ 40 երկրի ավելի քան 80 պատվիրակ: Քննարկվել է 2020 թ. Գլոբալ կրթության հանդիպման հռչակագրի նախագիծը, որը նախատեսվում է ընդունել ընթացիկ տարվա հոկտեմբերի 22-ին բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպման ընթացքում:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները, մասնագիտական քննարկումներին զուգընթաց, միջազգային հարթակն օգտագործել են` միջազգային գործընկերներին իրազեկելու COVID-19 համավարակի պայմաններում սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած և առ այսօր շարունակվող պատերազմի և քաղաքացիական, այդ թվում ուսումնական հաստատությունները թիրախավորելու մասին: Մասնավորապես, ներկայացվել է Ադրբեջանի` միջազգային իրավունքի բոլոր սկզբունքները ոտնահարող գործողությունները, որոնք ծավալվում են Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ ավիահրթիռային ու ցամաքային հարձակման միջոցներով: Առանձնակի շեշտադրվել են խաղաղ բնակչության դեմ վայրագությունները, քաղաքացիական ենթակառուցվածքների և ուսումնական հաստատությունների դեմ կատարվող հարձակումներ, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ քաղաքացիական բնակչության շրջանում: Ընդգծվել է նաև, որ Հայաստանը՝ հանդիսանալով «Ապահով դպրոցների հռչակագրի» անդամ-պետություն, խստորեն պաշտպանում է յուրաքանչյուրի կրթության իրավունքի իրացումը՝ առանց որևէ բռնության կամ հարձակման սպառնալիքի: Կոչ է արվել խստագույնս դատապարտել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիան Արցախի Հանրապետության նկատմամբ և ուսումնական ու այլ քաղաքացիական հաստատությունների թիրախավորումը։

Գլոբալ կրթության հանդիպման հռչակագրի ընդունմանը զուգահեռ հոկտեմբերին կայանալիք հանդիպումն ակնկալվում է, որ բացառիկ հարթակ կդառնա պետությունների և կառավարությունների ղեկավարների, նախարարների մակարդակով քննարկումների և փորձի փոխանակման համար՝ ուղղված հետհամաճարակային պայմաններում կրթության պաշտպանությանը, ինչպես նաև կրթության վերականգնման և առաջընթացի նպատակով համընդհանուր առաջնահերթ քայլերի վերանայմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել