Մենք խորապես մտահոգված ենք շփման գծում իրավիճակի այսօրվա նոր սրացումով․ Եվրախորհրդարանի ներկայացուցիչներ

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հայտնում է, որ Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Դևիդ ՄքԱլիստերի, Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար, պատգամավոր Մարինա Կալյուրանդի, Եվրոպական խորհրդարանի՝ Հայաստանի հարցով հիմնական զեկուցող, պատգամավոր Անդրեյ Կովաչևի և Եվրոպական խորհրդարանի՝ Ադրբեջանի հարցով հիմնական զեկուցող, պատգամավոր Ժելյանա Զովկոյի համատեղ հայտարարությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների վերսկսման վերաբերյալ․

«Մենք խորապես մտահոգված ենք շփման գծում իրավիճակի այսօրվա նոր սրացումով, որը, ըստ հաղորդագրությունների, կրկին հանգեցրել է մահվան զինվորականների և քաղաքացիական բնակչության շրջանում։

Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական բախումները։

Ինչպես բազմիցս նշել է Եվրախորհրդարանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որը խլում է անմեղ մարդկանց կյանքեր և խոչընդոտում է ամբողջ տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանն ու կայունությանը, չունի ռազմական լուծում:

Փոխարենը դրա համար անհրաժեշտ է քաղաքական կարգավորում՝ համաձայն միջազգային իրավունքի, այն է՝ ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված սկզբունքների, 1975 թ. ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի 2009 թ. Հիմնարար սկզբունքների:

Մենք վերահաստատում ենք մեր անվերապահ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ։

Որպեսզի այս միջնորդությունը հաջողության հասնելու հնարավորություն ունենա, Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները պետք է խստորեն պահպանեն հրադադարի ռեժիմը, ստեղծեն խաղաղությանը նպաստող մթնոլորտ և դրսևորեն բարեխղճորեն բանակցելու քաղաքական համարձակություն՝ առանց նախապայմանների շտապ վերադառնալով բանակցություններին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել