ՃՈ-ի տեսուչների պահանջին չենթարկվելու փաստը դատաքննությամբ չհաստատվեց

Արտակ Ղազարյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության` ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 29.07.2011թ. թիվ ԱԳ 539351 որոշումը վերացնելու պահանջի մասին։

Հայցվոր Արտակ Ղազարյանի ներկայացուցիչ Դիանա Գրիգորյանը հայտնել է, որ 30.06.2011թ. Արտալ Ղազարյանը իր անձնական օգտագործման «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայով երթևեկել է Երևան քաղաքի Գ. ՆԺդեհի փողոցով։ Երթևեկության ընթացքում ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության աշխատակիցների պահանջով Հայցվորը կանգառել է իր ավտոմեքենան։ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայաթյան վարչական գործունեության բաժանմունքի պետի տեղակալ Ս. Աբրամյանի կողմից կայացվել է թիվ ԱԳ 539351 որոշումը, որով Հայցվորը 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով ենթարկվել է վարչական տուգանքի։ Որոշման մեջ որպես Հայցվորի կողմից թույլ տրված ենթադրյալ իրավախախտում նշվել է. «չի ենթարկվել ոստիկանության ծառայողի՝ օրենքով սահմանված կարգով տրված տրանսպորտային միջոցը կանգնեցնելու մասին պահանջին»։

Հայցվոր Արտակ Ղազարյանի ցուցմունքի համաձայն` ոստիկանների ավտոմեքենայի լույսերը անջատված են եղել և արգելակելու համար ոչ մի ազդանշան չի արձակվել ոստիկանների կողմից։

Տեսուչ Մուշեղ Խանզադյանի ցուցմունքի համաձայն` տեսուչը մոտեցել է ցանկանալով կատարել իր ծառայությունը, որպեսզի ուղղություն ցույց տա, սակայն չի կարողացել, քանի որ վարորդը մայթերի վրայով երթևեկելով, մտել է հանդիպակաց գոտի։ Մեքենայի ապակիները փակ են եղել։ Վարորդը նկատել է տեսուչներին, քանի որ երեկոյան ժամերին ծառայություն իրականացնելիս լուսանդրադարձիչ բաճկոներ են հագնում, եթե ոչ մի նշաներ չի նկատել, ապա բաճկոնը, որը հագած են եղել, պետք է նկատեր։

Ըստ տեսուչ Խաչատուր Գևորգյանի ցուցմունքի` «Հոնդայի» մակնիշի մեքենան կանգնել է, վարորդին չի տեսել, քանի որ ապակիները մգեցված են եղել, 15 րոպե երթևեկել է հանդիպակաց երթևեկությունով, շարունակել է ճանապարհը, գործընկերը կանգնեցրել է ցուցաձողով ու սուլիչով։ Ավոտմեքենայի փարոսիկները եղել են միացված։ Արտակ Ղազարյանին չի տեսել մեքենայի մեջ, քանի որ մեքենայի ապակիները մգեցված են եղել։ Իրենք թելադրել են, որ վարորդը գնա ձախ` դեպի Արշակունյաց փողոց, քանի որ Գ. Նժդեհ փողոցն ամբողջությամբ փակ է եղել։ Սակայն վարորդը հրահանգին չի ենթարկվել և խախտելով երթևեկության կանոները շարունակել է իր ճանապարհ։

Համաձայն Հայկ Պողոսյանի ցուցմունքի` ավտոմեքենայի փարոսիկները միացված են եղել։ Մոտեցել է «Հոնդայի» մակնիշի մեքենան, տեսուչը ասել է, որ գծանշման աշխատանքներ են, խնդրում ենք շրջանցել։ Մինչդեռ, վարորդը բուրգերը շրջանցելով դուրս է եկել հանդիպակաց գոտի։ Ավտոմեքենայի ապակիները բաց են եղել։ Գծանշման աշխատանքները կատարվում էին Գ. Նժդեհ, Արշակունյաց փողոցից մինչև Սևանի փողոց։ Փողոցը լուսավոր է եղել, քանի որ նման աշխատանքներ իրականացնելու համար հարկավոր է լավ լուսավորություն։ Ոչ մի բարձրախոսով որևէ հրահանգ չի լսել։ Երեկոյան չեն խոսում բարձրախոսով։

Վերը նշված ապացույցների համադրմամբ` դատարանը գտավ, որ Արտակ Ղազարյանի կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 124-րդ հոդվածի 37-րդ մասով նախատեսված իրավախախտում, այն է` սուլիչի և լուսավորվող ձողափայտի օգնությամբ ճանապարհային ոստիկանության տեսուչների կողմից տրված` տրանսպորտային միջոցը կանգնեցնելու մասին պահանջին չենթարկվելու փաստը դատաքննությամբ չհաստատվեց։

Ուստի դատարանը վճռեց Արտակ Ղազարյանի հայցը բավարարել. վերացնել (անվավեր ճանաչել) ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 29.07.2011թ. թիվ ԱԳ 539351 որոշումը։ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը որոշեց ՃՈ-ի կողմից բերված վերաքննիչ բողոքը մերժել և վարչական դատարանի վճիռը թողնելով անփոփոխ։

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել