«Քաղաքացու որոշում» կուսակցությունը հայտարարություն է տարածել․ «Սույն թվականի օգոստոսի 4-ին «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից խախտվել է Ամուլսարի հարցում երկու տարի առաջ ձևավորված ստատուս քվոն՝ հեռացվել են հանրային տարածքում քաղաքացիների տեղադրած վագոն-տնակները և դրանց տեղում տեղադրվել են ընկերության տնակները։ Այս սադրանքը մեկ ամիս առաջ սկսած սադրիչ ռազմավարության մի հերթական քայլ է, որով նրանք փորձ են անում պահնորդական զինված խմբի միջոցով լուծել իրենց խնդիրները և քաղաքացիներին ներքաշել ապօրինությունների մեջ: Մասնավոր ռազմականացված կազմակերպությունը դարձել է Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների դեմ ճնշման գործիք:
Ստեղծված իրավիճակում քաղաքացիների պահանջներն են.
1. Ընկերությանը պատկանող վագոն տնակները պետք է հեռացվեն
2. Ապօրինություններ և սադրանքներ իրականացնող պահնորդական խումբը պետք է հեռացվի
3. Կառավարությունը պետք է հստակություն մտցնի վերջնական որոշման ժամկետների հարցում
Նշված միջանկյալ քայլերը անհրաժեշտ են ընկերության կողմից այս օրերին ստեղծված լարվածությունը մեղմելու համար։
Քաղաքացիների հիմնական պահանջը մնում է անփոփոխ՝ Ամուլսարի տարածքում արգելել հանքի շահագործումը։
«Քաղաքացու որոշում» կուսակցությունը վերահաստատում է իր դիրքորոշումը Ամուլսարի հարցում և սատարում է քաղաքացիների ինչպես միջանկյալ, այնպես էլ վերջնական պահանջները:
Նախ դատապարտելի ենք համարում, որ այս սադրանքը իրականացվել է համավարակի պայմաններում՝ հաշվարկ ունենալով, որ քաղաքացիները հնարավորություն չեն ունենա իրացնել իրենց իրավունքները։
Դատապարտելի է, որ կառավարությունը այս հակամարդկային հաշվարկի մեջ դարձել է մի սովորական գործիք և ստանձնել է արդար ու խաղաղ հավաքները ճնշելու գործառույթ։
Ի վերջո դատապարտելի է քաղաքացիներին ավելի քան երկու տարի հյուծող խնդրի լուծումը հետաձգելու, քաղաքացիներին վերազգային կապիտալի դեմ միայնակ թողնելու, ողջամիտ փաստարկներն անտեսելու և հռչակված սկզբունքները խախտելու կառավարող ուժի գործելաոճը։
Կառավարությունը պարտավոր է քաղաքական կամք դրսևորել, հարցին տալ վերջնական լուծում՝ լուծման հիմքում դնելով հեղափոխական արժեքները, սկզբունքները և մարդու անքակտելի իրավունքները։ Սա է իրական հեղափոխական ուժի առաքելությունը և գործելաոճը»։