Քաղաքացիները ոստիկանության բաժիններում մեծ քանակությամբ ապօրինի զենք-զինամթերք են հանձնել

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Ախուրյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Մարմաշեն գյուղի բնակիչներից մեկը կամավոր հանձնել է ձեռքի հակատանկային նռնականետ ու ինքնաձիգի 45 հատ փամփուշտ՝ հայտնելով, որ դրանք պատկանել են հանգուցյալ հորեղբորը։

Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից։

Շիրակի մարզի Հովտուն գյուղի բնակիչներից մեկն էլ ոստիկանության Ամասիայի բաժնում կամավոր հանձնել է հանգուցյալ հորը պատկանած «Կալաշնիկով» ինքնաձիգն ու 7,62 մմ տրամաչափի 15 փամփուշտ, որոնք գտել է հացատան տանիքը մաքրելիս։

Լճափ գյուղում բնակվող մի տղամարդ էլ Գավառի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի ակոսափող հրազեն՝ հայտնելով, որ այն պատկանել է տարիներ առաջ մահացած հորը։

Ճամբարակի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում էլ Վահան և Այգուտ գյուղերի բնակիչներից երկուսը կամավոր հանձնել են ինքնաշեն ատրճանակ ու կրակող սարք,նռնակի պայթուցիչներ և տարբեր հրազենների ու տրամաչփի 200-ից ավելի փամփուշտ։

Օհանավան գյուղի բնակիչներից մեկն էլ ոստիկանության Աշտարակի բաժնում կամավոր հանձնել է առանց գործարանային համարի ինքնաձիգ և ինքնաձիգի 20 փամփուշտ։ Տղամարդու հայտնածով զենք-զինամթերքը պատկանել են հանգուցյալ որդուն։

Ոստիկանության Արմավիրի բաժին զանգած քաղաացին հայտնել էր, որ Արմավիրի նախկին հացի գործարանի պարսպի մոտ զենք-զինամթերք է թողել։ Հիշյալ տարածքում հայտնաբերվեց առանց գործարանային համարի հրացան ու փամփուշտներ։

Վաղարշապատի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Տարոնիկ գյուղի բնակիչներից մեկը կամավոր հանձնել է թմբուկավոր ատրճանակ, մասնատված հրացան ու տարբեր տրամաչափի և հրազենների 100-ից ավելի փամփուշտ, որոնք գտել է նկուղը մաքրելիս։

Ոստիկանության Գորիսի բաժին զանգած մի քաղաացի հաղորդում էր տվել, որ կիսաքանդ շինության ներսում զենք-զինամթերք է գտել։ Տարածք մեկնած ոստիկանները հայտնաբերերցին «ՏՕԶ» տիպի հրազեն ու 450-ից ավելի տարբեր տրամաչափի փամփուշտ։

Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Երևանում բնակվող մի տղամարդ կամավոր հանձնել է ավտոտնակը մաքրելիս գտած հրացանը, նռնակի նմանվող առարկան, ինքնաձիգի փամփշտատուփն ու 100-ից ավելի փամփուշտը։

Երևանում բնակվող 46-ամյա մի կին ոստիկանության Շենգավիթի բաժնում կամավոր հանձնել է հանգուցյալ հորը պատկանած գորածարանային համարով հրացանը, պայթուցիչով նռնակն ու տարբեր տրամաչափի հարյուրից ավելի փամփուշտը։

Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։

Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։ Այս համատեքստում ոստիկանների բացատրական աշխատանքը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել