Կրկնահանցագործությունների նվազեցման խնդիրը՝ Շիրակի մարզի դատախազության տեսադաշտում. ներկայացվել է միջնորդագիր

Շիրակի մարզում կրկնահանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման շրջանակներում մարզի դատախազությունում վերլուծվել են նպաստող պատճառներն ու պայմանները, դրանք վերացնելու միջոցները:

  2020թ. 1-ին կիսամյակում  արձանագրվել է նախկինում դատապարտված 17 անձանց կողմից կատարված նույնքան հանցագործության դեպք, ինչը մեկով ավելի է նախորդ՝ 2019թ. երկրորդ կիսամյակի համեմատ: Այս վիճակագրությունը և դեպքերի աննշան աճը վկայում է, որ կրկնահանցագործությունների նվազեցման ուղղությամբ ձեռնարկվող նախականխման, կանխման, խափանման, ինչպես նաև բացահայտման միջոցառումները բավարար չափով արդյունավետ չեն եղել: 

      Մասնավորապես, ուսումնասիրությունը վկայում է, որ կրկնահանցագործություններին նպաստող պատճառներից են շարունակում մնալ նախկինում հանցագործություն կատարած անձանց սուցիալայան ոչ բարվոք վիճակը, որը զուգակցվում է ընտանիքի հետ այդ անձանց թույլ կապի, հասարակության կողմից այդ անձանց նկատմամբ ընդգծված բացասական վերաբերմունքի և պիտակավորման հետ, ինչպես նաև՝ աշխատանքի, մասնագիտական որակավորման բացակայությունը, աշխատաշուկայի նոր պահանջներին նրանց չբավարարելը և աշխատաշուկայում նրանց անմրցունակությունը: Այսինքն նախկինում հանցագործություն կատարած անձանց վերասոցիալականացման գործընթացը լիարժեքորեն չի իրականացվում: Արդյունքում այդ անձանց կենսական խնդիրների նկատմամբ ուշադրության պակասը, հասարակությունից նրանց հոգեբանական օտարումը նպաստում են կրկնահանցագործությունների ռիսկի աճին: 

Էական նշանակություն ունի նաև հանցավոր ենթամշակույթի ազդեցությունը: Ազատազրկման վայրում անձն ապրում է մի միջավայրում, որը ոչ միայն կարող է չնպաստել ուղղմանը, այլ նույնիսկ ավելի խորացնել հանցագործություն կատարելու ցանկությունն ու հակվածությունը: Կալանավայրում գտնվելու ընթացքում շատերը հեշտությամբ ընդունում են հանցավոր ենթամշակույթի կանոնները: Քիչ չեն  դեպքերը, երբ հանցագործությունները մշակվում են դեռևս կալանավայրում: Այսինքն առկա է թիրախային աշխատանքների անհրաժեշտություն, որպեսզի ազատվելուց հետո դատապարտյալը չշարունակի պահպանել հանցավոր ենթամշակույթի կանոնները: Այս առումով նաև կանխարգելիչ կարևոր նշանակություն ունի քրեական ենթամշակույթի քրեականացումը, որը զգալիորեն մեծացնում է այս երևույթի դեմ ոստիկանության համակարգված իրավական պայքարի հնարավորությունները:   

Դատախազությունում կատարված ուսումնասիրությունը փաստում է, որ ինչպես 2019թ. երկրորդ, այնպես էլ 2020թ. առաջին կիսամյակներում կրկնահանցագործների կողմից հանցագործության նախապատրաստության դեպքեր չեն բացահայտվել: ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության ենթակա այն բաժինները, որոնց կողմից սպասարկվող տարածքներում արձանագրվել են կրկնահանցագործների կողմից կատարված հանցագործության դեպքեր, բավարար միջոցներ չեն ձեռնարկել՝ սպասարկվող վարչական տարածքում հանցագործությունների կանխարգելման նպատակով կրկնահանցագործներին, պատիժը պայմանականորեն չկիրառված, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինված, բաց տեսակի ուղղիչ հիմնարկում պատիժը կրող, պատիժը կրելուց նոր ազատված անձանց օպերատիվ տեսադաշտում պահելու ուղղությամբ: Վերջինների նկատմամբ չի սահմանվել պատշաճ հսկողություն, նրանց շրջանում պարբերաբար չեն անցկացվել կանխարգելիչ բնույթի միջոցառումներ, այդ թվում նաև յուրաքանչյուր կրկնահանցագործի հետ համապատասխան անհատական աշխատանք՝ հանցածին ենթամշակույթից հրաժարվելու, աշխատանք և նորմալ կենսապայմաններ ունենալու համար: Այսինքն հանցածին վարքագիծ որդեգրած անձանց նկատմամբ վերահսկողությունը, որպես նման հանցագործությունների նախականխման միջոց, եղել է ոչ արդյունավետ:

Ելնելով դրանից՝ Շիրակի մարզի դատախազ Կ. Գաբրիելյանը միջնոդրագրով դիմել է ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Ս. Աբաղյանին՝ ձեռնարկելու  համապատասխան միջոցներ՝ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության ենթակա բաժինների աշխատակիցների կողմից կրկնահանցագործությունների կանխարգելման, նախականխման գործում հետևողականության բարձրացման, համայնքային ոստիկանության ծառայողների, բոլոր ստորաբաժանումների անալիտիկ տեսուչների կողմից կրկնահանցագործությունների հետ անհատական աշխատանքներ տանելու, նրանցից յուրաքանչյուրի պարագայում հանցածին գործոնները և նոր հանցագործություն կատարելու ռիսկերի գնահատումը պատշաճ իրականացնելու, կրկնահանցագործությունների հաշվառման գործընթացը և կրկնահանցագործների վարքագծի նկատմամբ ամենօրյա պլանավորված վերահսկողություն իրականացնելու նպատակով և ձեռնարկված միջոցների ու արդյունքների մասին հայտնել մարզի դատախազությանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել