Շատ կարևոր է, որ հանրությունն իր կարծիքն ու մոտեցումներն ասի կառավարման ձևի վերաբերյալ. Արսեն Թավադյան

Շատ կարևոր է, որ հանրությունն իր կարծիքն ու մոտեցումներն ասի կառավարման ձևի վերաբերյալ` գալով 2015թ.-ի փոփոխություններից,- հայտարարել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ի.գ.թ Արսեն Թավադյանը սահմանադրական բարեփոխումների քննարկման ժամանակ:

«Երբ սկսում ենք կառավարման ձևի հետ կապված քննարկումները, պետք է գանք 2015թ.-ից: Մեկ կարևոր հանգամանք կա` եթե մենք ուսումնասիրում ենք ոչ ժողովրդավարական երկրների պատմությունը, այդ երկրներում երկու կարևոր տրենդ ենք տեսնում` անձինք, որոնք այս պահին տիրապետում են կամ ուզուրպացնում են իշխանությունը, ձգտում են նվազեցնել ժողովրդի մասնակցությունն ընտրություններին` երկարացնելով իրենց հնարավորությունը լինել իշխանության մեջ` ընտրվելու հնարավորությունը երկուսից դարձնել երեք կամ անսահմանափակ, կամ երկարացնել իշխանության մեջ գտնվելու իրենց ժամկետը, օրինակ` դարձնել չորսից հինգ տարի: Ժողովրդավարական երկրներում հակառակ գործընթացն է գնում` օրինակ` Ֆրանսիայում նախագահի ժամկետը յոթից հինգ դարձավ: Այսինքն, կառավարման ձևի փոփոխության հարցը դիտարկելիս պետք է ելնենք այն հարցից` արդյոք դա մեզ հարմար է, համապատասխանում է մեր սոցիալական, տնտեսական, աշխարհագրական իրավիճակին: Եվ այս տեսանկյունից շատ կարևոր է, որ հանրությունն իր կարծիքն ու մոտեցումներն ասի կառավարման ձևի վերաբերյալ` գալով 2015թ.-ի փոփոխություններից»,- ասել է Արսեն Թավադյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել